
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակը նշելու նպատակով հունվարի վերջին ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը կայացավ երեկ: Միջոցառումների ծրագրի համաձայն՝ Արթուր Մկրտչյանի 50-ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին` Ստեփանակերտում եւ բոլոր շրջաններում:
Հիմնական միջոցառումը` հուշ-երեկոն, տեղի կունենա նրա ծննդյան օրը` փետրվարի 16-ին, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում: Միջոցառման ընթացքում կցուցադրվի նաեւ Արթուր Մկրտչյանի կյանքի եւ անցած ուղու մասին տեսաֆիլմ: Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կանցկացվի հոբելյանին նվիրված ցուցահանդես:
Նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով կվերանորոգվեն ու կբարեկարգվեն Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքը, մայրաքաղաքի եւ Հադրութ շրջկենտրոնի՝ Արթուր Մկրտչյանի անվան փողոցները, զբոսայգիները, հուշարձաններն ու թանգարանը: Նախատեսվում է նաեւ Վոլոդյա Հարությունյանի «Արթուր Մկրտչյան» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ Արցախի ազգագրության մասին Արթուր Մկրտչյանի աշխատության հրատարակումը:
Միջոցառումներ կկազմակերպվեն Արթուր Մկրտչյանի ծննդավայրում, աշխատանքներ կսկսվեն նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահի տուն-թանգարան ստեղծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ անկախ Ղարաբաղի առաջին ղեկավարի կյանքը ողբերգականորեն ընդհատվեց 1992 թ. ապրիլի 14-ին: Նրա մահվան հանգամանքներն այդպես էլ հասարակությանը հայտնի չդարձան, բայց մարդկանց հուշերում նա մնացել է որպես հայրենասիրության, բարոյականության եւ արժանապատվության խորհրդանիշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել