2008-ը` որպես համայնքային ծառայության համակարգի ներդրման տարի
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ամփոփելով նախարարության 2008 թ. գործունեությունը, կառավարության նիստում այսօր ասաց, որ մարզպետարանների կողմից վարչական համայնքների վերահսկողության առումով պետք է բովանդակային փոփոխություններ իրականացնել` հսկողությունը նպատակային դարձնելու համար:
Փոխնախարարն ընդգծեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև ՏԻՄ-երի նկատմամբ իրականացվող վարչական հսկողության վրա. "Մենք նախատեսել էինք ունենալ պարտադիր և պատվիրակված լիազորությունների իրականացման կարգեր, ինչը հնարավորություն կտար մի կողմից ֆորմալացնել ՏԻՄ-երի կողմից իրականացվող աշխատանքների գնահատկանները, մյուս կողմից` ապահովել պետության և համայնքների փոխհարաբերությունների հստակ կանոնակարգում, սակայն իրավական առումով այդ անել ամբողջությամբ մեզ չհաջողվեց":
Վաչե Տերտերյանի խոսքով` իրենք նախատեսել են 2009 թ. ընթացքում ապահովել այդ կարգերի վերջնական ներդրումը. "Դա թույլ կտա գնահատել և' բյուջեների, և' ծախսերի իրատեսությունը, ինչպես նաև` դրանից հետևող երևույթ կլինի վերահսկողության իրականացումը":
Վաչե Տերտերյանը տեղեկացրեց նաև, որ 2008 թ. Տարածքային կառավարման նախարարությունը համայնքներում իրականացրել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մոնիտորինգ և կազմակերպում այն հաշվով, որ ապահովեն սեփական եկամուտների հավաքագրման ընդունելի մակարդակ: Նրա խոսքերով` հավաքագրման առումով նախորդ տարվա համեմատ կա էական աճ`հողի հարկի գծով շուրջ 400 մլն դրամից ավելի հավաքագրում է տեղի ունեցել, գույքահարկի գծով` 600 մլն դրամից ավելի: Սակայն արդյունքները, փոխնախարարի կարծիքով, գոհացուցիչ չեն երկու առումով. նախ` պետք է լուրջ աշխատանքներ կատարել այդ ցուցանիշների բարձրացման ուղղությամբ, երկրորդ` պետք է ճշգրտել հարկային բազաները: "Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել այդ գործընթացին, անցյալ տարի Պետական եկամուտների կոմիտեի հետ մեզ հաջողվել է բազաների մեծ մասը փոխանցել համայնքներին, շուրջ հարյուր համայնքներ դեռ չեն ստացել, բայց գործն ընթացքի մեջ է, և մեկ-երկու ամսում կավարտենք":
Փոխնախարարը 2008-ը բնութագրեց որպես համայնքային ծառայության համակարգի ներդրման տարի: Ըստ նրա` արդեն լուրջ ցուցանիշներ կան ծառայողների վերապատրաստման առումով. "Մենք ամեն տարի իրականացնում ենք 2500 աշխատողների վերապատրաստում, արդեն հայտարարել ենք 800 մրցույթներ, որոնցից 536-ը կայացել են, համայնքային ծառայողների 5500 պաշտոնները համալրված են, այսինքն` 6600 պաշտոնների 82 տոկոսը համալրված է": Այս թվերը մեջբերելով` փոխնախարարը արձանագրում է, որ համակարգը սկսել է աշխատել, բայց կան լուրջ խնդիրներ, քանի որ պետք է համայնքային ծառայողների մասնագիտական որակը ուսուցողական ծրագրերով համապատասխանեցնել այսօրվա պահանջներին: Բացի այդ, ըստ նրա` պետք է մրցույթների անցկացման ժամանակ, ֆորմալ կողմից բացի, հրապարակայնութուն, թափանցիկություն ապահովել: Անցյալ տարի ներդրվել է նաև ատեստացիայի համակարգը:
Վաչե Տերտերյանն ասաց նաև, որ ՏԻՄ ոլորտում անցյալ տարի լուրջ քայլեր են արվել իրավական առումով, մասնավորապես ընդունվել է "Երևանի մասին" օրենքը, տեղական հարկերի մասին հայեցակարգային մոտեցումը, "Համահարթեցման մասին" օրենքը: Նախարարությունը, փոխնախարարի հավաստմամբ, հետամուտ է լինելու դրանց գործնական իրականացմանը, որպեսզի
տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բերեն որոշակիորեն ընդունելի մակարդակի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել