Տիգրան Սարգսյան. «Պետք է ակնհայտ լինի, որ մարզերին ավելի շատ հատկացումներ ենք տրամադրում, քան Երևան քաղաքին»
Կառավարությունում տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը անդրադարձավ մարզերի համաչափ զարգացման խնդրին: Նա, մասնավորապես, ասաց, որ ինստիտուցիոնալ առումով անցյալ տարի կառավարությունն ընդունեց «Մարզերի զարգացման ծրագրերի կազմման և իրականացման հայեցակարգը», որի հիման վրա արդեն ներկայացվել է «Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 2009-2012 թթ. զարգացման ծրագրերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ, իսկ այս տարի կմշակվեն մյուս 8 մարզերի զարգացման ծրագրերը և, ի վերջո, կհաջողվի տարածքային զարգացման համապարփակ քաղաքականություն ունենալ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ վերլուծություն է իրականացվել մարզերում տիրող իրավիճակի մասին, և մարզերը բնութագրող ցուցանիշները պետք է դրվեն հաջորդ տարվա բյուջեի կազմման հիմքում, որը, ըստ նրա, կառաջարկվի նաև մյուս նախարարությունների կողմից:
Ըստ Վ. Տերտերյանի` նախարարությունը վերլուծություն է կատարել համայնքներում սեփական եկամուտների պոտենցիալի և իրացման վերաբերյալ, ինչպես նաև պետական միջոցներն այդ համայնքների զարգացմանն ուղղելու համամասնություններն ապահովելու առումով:
«Սրանք այն գործիքներն են, որոնք թույլ կտան 2009 թ. բյուջետային գործընթացից և 2010 թ. խստացվող չափանիշներով և ցուցանիշներով ապահովել պետական բյուջեի ձևավորման այնպիսի սկզբունքներ, որոնք կբերեն մարզային համաչափ զարգացման»,- ասաց Վ.Տերտերյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագիրը և այն ցուցանիշները, որոնք ծրագրավորում են մոտակա 3-4 տարիների համար, պետք է դիտարկել տարածքային զարգացման տեսանկյունից:
«Հիմա մենք սկսելու ենք գործընթաց` 2010 թ. բյուջեի կազմման անհրաժեշտ այդ համամասնությունները այսօրվանից դիտարկել, ինչպիսի վերաբաշխումներ պետք է անել, որ տարածքային զարգացման տեմպերը լինեն ավելի բաձր, քան Երևան քաղաքինը, պետք է այնպիսի վերաբաշխումներ լինեն, որ ակնհայտ լինի, որ տարածքներին ավելի շատ հատկացումներ ենք անում, քան Երևան քաղաքին»,- ասաց վարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել