HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գեւորգ Մհերյանի սպանությունը «լուրջ հարված էր ոստիկանությանը»

«Մենք լավ ենք սկսել 2009 թ, ընդհանուր առմամբ բացահայտված է քրեական գործերի 90-93 տոկոսը, բացառությամբ սպանության հետ կապված երկու գործից, որոնցից մեկը շուտով կբացահայտվի։ Սպանության հետ կապված այլ դեպքեր մենք չունեինք մինչև երեկվա դեպքը, որը լուրջ հարված է ոստիկանության համար։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարեց  Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը՝ Կառավարությունում ներկայացնելով 2008 թ հաշվետվությունը։ Ոստիկանության պետը առանձնացրեց նախագահական ընտրությունները, որոնց պատշաճ կազմակերպման եւ անցկացման գործում զգալի ներդրում ունեցավ նաեւ ոստիկանությունը, իսկ «կազմակերպված միջոցառումները որակապես տարբերվել են նախորդ տարիներից»: Ըստ զեկույցի` զգալի աշխատանք է իրականացվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ինստուցիոնալ բարեփոխումներ են իրականացվել Անձնագրերի եւ վիզաների վարչությունում, շարունակվել է  ճանապարհային ոստիկանության ծառայությունը միջազգային չափանիշներին համապատասխան վերակազմավորելու գործընթացը: Տարվա ընթացքում ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու  արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ: Տարվա երկրորդ կիսամյակն էլ, ըստ հաշվետվության, բավականին ակտիվ էր. հանցագործություններն աճել են 10%-ով` կազմելով 31.9%: «Աճել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունները, նվազել` ոչ մեծ ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը»,-ասում է ոստիկանության պետը եւ հավելում, որ 2008թ ողջ համակարգն աշխատել է գերծանրաբեռված ռեժիմով, ինչն էլ բացասաբար է ազդել հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշների վրա: «2008թ երկրորդ կիսամյակում բոլոր հիմնական ուղղություններով բարելավվել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը, 2-րդ կիսամյակի ընթացքում գրանցվել է 1275 դեպքով ավելի շատ հանցագործության դեպք, քան առաջին կիսամյակում»,- ասաց Ա.Սարգսյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ գտնում է, որ թեև ոստիկանության աշխատանքի արդյուանվետության բարձրացում կա, բայց «բոլորս քաջ գիտակցում ենք, որ համակարգում դեռ բավական անելիք կա»։ Վարչապետը կարեւորել է  ոստիկանության համակարգի համալրումը բանիմաց և պրոֆեսիոնալ կադրերով, ինչի համար հարկավոր է բարձրացնել աշխատավարձերը։ Այդ նպատակով, ինչպես նշել է վարչապետը, 2009 թ  բյուջեում ավելացել է աշխատավարձերին ուղղվող ֆոնդը։ Այնուհետեւ կառավարությունում լրագրողների համար հատկացված աշխատանքային սրահի մոնիտորը անջատվել է,  լրագրողներն էլ  զրկվել են հնարավորությունից հետեւել հաշվետվության շարունակությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter