«Քաղաքական հաշվեհարդար»` պաշտոնից ազատման ձեւով
Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առանց հիմնավոր պատճառաբանության պաշտոնից ազատել էր Նորավանի մանկապարտեզի վարիչին` Ռուզաննա Ներսիսյանին: Վերջինս ավագանու նախկին անդամ, Գյումրիի թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանի կինն է: Քաղաքապետի այս քայլը արդեն նախկին տնօրենը որակել էր որպես քաղաքական հաշվեհարդար իր հետ` նկատի ունենալով այն փաստը, որ իր ամուսինը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, այնուհետ ինքնաբացարկ հայտնելով` միացել էր Վարդան Ղուկասյանի մրցակից, Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
Ռուզաննա Ներսիսյանին պաշտոնազուրկ անելու կապակցությամբ քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանը պարզաբանել էր, որ նա լավ չի աշխատել, իրենք էլ ցանկություն չեն ունեցել նրա հետ շարունակել պայմանագիրը: Մինչդեռ, ըստ Ռուզաննա Ներսիսյանի, իր հետ տասը տարի շարունակ ոչ մի պայմանագիր չի կնքվել, ավելին` քաղաքապետն իրեն միշտ շնորհակալագրեր է հանձնել` լավագույն աշխատանքի համար:
Այսօր Ռուզաննա Ներսիսյանը «Հետքին» փոխանցեց, որ ինքն արդեն իսկ դատի է տվել քաղաքապետին, եւ առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 16-ին: Այսօր հայտնի դարձավ նաեւ, որ Վարդան Ղուկասյանը թիվ 17 մանկապարտեզի նոր վարիչ է նշանակել: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի նույն մանկապարտեզի դաստիարակ Ռուզաննա Պետրոսյանը: Տեղեկացնենք, որ նորանշանակ վարիչը Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի դուստրն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել