Պետությունը ներդրումներ է իրականացնում մասնավոր հատվածում
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրն այս տարվա պահուստային ֆոնդից 161 մլն դրամ է հատկացրել էկոնոմիկայի նախարարությանը` «ՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ» ՍՊԸ-ի սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Գումարը տրամադրելիս հաշվի է առնվել, որ հիշյալ ՍՊԸ-ի գործարար ծրագրի իրականացումը կնպաստի ավելի քան 50 նոր աշխատատեղերի ստեղծմանը, Վայոց Ձորի եւ հարակից մարզերի 100-ից ավելի ընտանիքների ներգրավմանը խոտաբույսերի հավաքման աշխատանքներում, նոր արտադրատեսակների` ուրցադաղձի, ծիրանի եւ դեղձի թեյերի արտադրության կազմակերպմանը եւ արտադրանքի 90 տոկոսի արտահանմանը։
«Ցանկացած գումար, որ մենք հակաճգնաժամային միջոցառումների շարքում տրամադրում ենք, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկել դրա ծախսման գործընթացը»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով էկոնոմիկայի նախարարին ծրագիրը ներկայացնել հանրությանը, իսկ հետագայում պարբերաբար հանդես գալ հաշվետվությամբ` հատկացված գումարի օգտագործման վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է նաեւ ֆինանսների նախարարության հետ որոշման տեքստի վրա աշխատել, այն տրամաբանությամբ, որպեսզի այդ գումարները տրամադրվեն վերադարձելիության սկզբունքով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել