Վթարային հանրակացարանների բնակիչները կապահովվեն բնակարաններով
Կառավարությունը հաստատել է Երեւան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը։ Որոշումն ընդունվել է` հիշյալ շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու եւ նրանց նոր բնակտարածություն տրամադրելու խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով։ Այս մասին հաղորդում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սահմանվել է, որ ՀՀ սեփականության ներքո գտնվող Երեւան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացվում են Երեւանի քաղաքապետի կողմից` ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքերից։
Համայնքների սեփականության ներքո գտնվող Երեւան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի մասով նշված գործառույթը Երեւանի քաղաքապետն իրականացնում է հանրակացարանային շենքը նվիրաբերության պայմանագրով ՀՀ-ին անհատույց հանձնելուց հետո։ Բնակիչներին բնակարաններով ապահովելու եւ հանրակացարանային շենքերի քանդման աշխատանքների իրականացման պատասխանատու է ճանաչվել Երեւանի քաղաքապետը, իսկ համակարգող` Քաղաքաշինության նախարարությունը։
Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է ընդունել թաղային համայնքների ավագանիների առաջարկությունները` համայնքների սեփականության ներքո գտնվող քանդման ենթակա վթարային հանրակացարանները ՀՀ-ին` ի դեմս Երեւանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ եւ ՀՀ-ի անունից համայնքների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` ապահովելով գործարքների նոտարական վավերացումը եւ պետության սեփականության իրավունքների գրանցումը։ ՀՀ բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու եւ այդ շենքերի քանդման համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորման հայտ։
Ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին եւ թաղային համայնքների ղեկավարներին հանձնարարվել է` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քանդման ենթակա հանրակացարանային շենքերի բնակեցումից ազատված կացարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում եւ անձնագրային հաշվառում։ Տարածքային կառավարման նախարարին, ոստիկանապետին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է` Երեւանի քաղաքապետի կողմից ներկայացված հարցման համաձայն, վթարային հանրակացարանային շենքերում բնակվող փախստականների հաշվառման, նրանց ընտանիքներին բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր հատկացված լինելու, քաղաքացիների անձնագրային հաշվառման, ՀՀ տարածքում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։ Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին ստացված եզրակացությունները եւ տարեկան ծրագրերում ընդգրկված հանրակացարանային շենքերի բնակելի կացարանների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց հետ կնքվող անշարժ գույքի փոխանակման պայմանագրերը ներկայացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` վթարային բնակելի կացարանների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման սահմանափակումները կիրառելու եւ քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման եւ պետության գույքային իրավունքների պետական գրանցումներ իրականացնելու նպատակով։
Սահմանվել է, որ վթարային հանրակացարանային բնակելի շենքերը` բնակիչներին բնակարաններ հատկացնելու աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում ենթակա են քանդման` մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել