Մելիտա Հակոբյան. «ՀԴՄ կտրոնը սպառողի ետդարձի ճանապարհն է»
«ՀԴՄ-ների հետ կապված բոքոքի ակցիաները, թերևս, անտեղի են, քանի որ բոլոր երկրներում ՀԴՄ կտրոններ տալը պարտադիր է, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ մեծ աղմուկ-աղաղակ են բարձրացնում: Դա նորմալ երևույթ է, պետք չէ այդպիսի մեծ արձագանք տալ, որ սա հարվածում է մանր ու միջին բիզնեսին»,- ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մ. Հակոբյանը «Դե ֆակտո» ակումբում:
Մ. Հակոբյանի խոսքերով` իրենք արդեն մի քանի տարի ասում են, որ պետք է այս հսկիչ դրամարկղային կտրոնները մտնեն մեր առօրյայի, մեր կենցաղի մեջ: Որպեսզի իմանանք` մենք ինչ ենք ստանում և պետությունից ինչ ենք պահանջում:
«Երբ պետական բյուջեն կավելանա, կսկսենք մեր պահանջները ներկայացնել, որ դուք այդ ինչ պարագայում պարտավոր եք այս ինչ գործողությունները կատարել, ինչու է թոշակը 5000 կամ 2500, ինչու ես այս հաշմանդամի հետ այսպես վարվում»,- ասում է նա:
Մելիտա Հակոբյանը համոզված է, որ մասնավորապես սպառողի շահերի տեսանկյունից ՀԴՄ-ների տեղադրումը շատ լավ է. «Սպառողը, գնելով տվյալ ապրանքը, հավաստիանում է, որ այդ խանութից կամ տվյալ վայրից գնել է ապրանք կամ ստացել է ծառայությւոն, դա իր հետդարձի ճանապարհն է: Եթե, օրինակ, երշիկ է գնել, որը փչացած է, ՀԴՄ կտրոն ունենալու դեպքում շատ հանգիստ կարող է պահանջել, որ ետ վերցնեն կամ փոխեն»:
Տիկին Հակոբյանը հիշեցնում է, որ սպառողների իրավունքներին վերաբերող օրենքը թույլ է տալիս, որ եթե գնել ես անորակ կամ անհարմար ապրանք, կարող ես ետ տալ` վերցնելով նորը կամ վերցնելով գումարը:
Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ արդեն երկու տարի է, ինչ ասոցիացիան է վերցնել դիմում- բողոքները, եթե դիմողները չեն ունենում ՀԴՄ կտրոն կամ պայմանագիր` մեծածախ ապրանքների դեպում, քանի որ նման դեպքում իրենք չեն կարող գնալ որևէ խանութ և ասել, որ այսինչ ապրանքը ձերն է: Նրանք կարող են ասել. «Տվեք կտրոնը, որ ես հավաստիանամ, որ այդ ապրանքը գնված է իմ մոտից»:
Ասոցիացիայի նախագահը բացատրեց նաև, որ անօրինականություն են գործում բոլոր այն խանութները, որոնց ներսում կա փակցված ցուցանակ` «գնված ապրանքը ետ չի ընդունվում» վերտառությամբ, քանի որ օրենքը հնարավորություն է տալիս ապրանքը ետ վերադարձնել` իհարկե խելամիտ ժամկետներում:
Մ. Հակոբյանի ասելով` պետք է հասկանալ, որ սպառողն է թելադրում շուկան, և եթե նա հրաժարվի գնել ապրանքը, ապա անգամ մագնատ-բիզնեսմենը շատ կարճ ժամանակում կսննկանա:
Սակայն, տիկին Հակոբյանը մտահոգվում է, որ հայկական մենթալիտետը թույլ չի տալիս հայերին պաշտպանել սպառողի իրենց իրավունքը: Շատերն են զանգահարում ասոցիացիա, բայց հրաժարվում են հրապարակավ բողոքել այն խանութից, որտեղից իրենք հաճախ ապրանք են գնում:
Մ. Հակոբյանը հավելեց նաև, որ քաղաքակիրթ սպառող դառնալու համար պետք է տեղեկացված լինել, տեղեկացված սպառողին դժվար է խաբել: Ասոցիացիայի փորձերը` Հանրային հեռուստատեսությամբ իրազեկման հաղորդումներ պատրաստելու կապակցությամբ, ապարդյուն են եղել:
Ի դեպ, վաղը տեղի կունենա ՀԴՄ կտրոնների առաջին խաղարկությունը: Խաղարկությունը կազմակերպող հանձնաժողովում է նաև Մելիտա Հակոբյանը: Նա հավաստիացնում է, որ որևէ խախտում չի լինի խաղարկության ընթացքում: Բայց, ամեն դեպքում, կա որոշակի կասկածամտություն, որ գումարները ստանալիս հերթեր կգոյանան, կամ` կտրոնների մի մասը չի լինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել