HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հիմնական խախտումներն աշխատավարձի եւ վերջնահաշվարկի մասով են

2008 թվականի ընթացքում ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատանքի պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել հանրապետության պետական եւ ոչ պետական մի շարք հիմնարկներում: Արդյունքում 16 վարչական տույժ է նշանակվել` շուրջ 1մլն 470 հազար դրամի չափով: Ամենամեծ տուգանքի չափը եղել է 420 հազար դրամ, որի պատճառն աշխատավարձի ուշացումն է: Հետքի հետ զրույցի ժամանակ տեսչության պետ Կարեն Թովմասյանը տեղեկացրել է, որ հիմնական խախտումները կապված են հենց աշխատավարձերի ուշացման, աշխատանքից ազատվելու դեպքում վերջնահաշվարկի չտրամադրման հետ: Տեսչության 2008 թվականի գործունեության ընթացքում շեշտը հիմնականում դրվել է ուսումնասիրությունների եւ մեթոդական օգնության ցուցաբերման վրա, սակայն ինչպես խոստովանում է տեսչության պետը, նրանց նպատակը միայն դա չէ, այլ որպես վերահսկողություն իրականացնող մարմին, պետք է նաեւ ստուգումներ իրականացնեն: Այս տարի, ըստ ծրագրի, նախատեսվում է ստուգումներ իրականացնել հանրապետության 70 պետական եւ ոչ պետական հիմնարկներում: Բացի ծրագրով նախատեսված ստուգումներից, տեսչության տեսուչներն անհրաժեշտության դեպքում ստուգումներ են իրականացնում նաեւ բնակիչների դիմումների հիման վրա, որոնց թիվը, Կարեն Թովմասյանի հավաստմամբ, գնալով աճում է: «Դիմումները մեծամասամբ վերաբերում են վերջնահաշվարկի չտրամադրմանը»,-մեր զրույցի ժամանակ նշել է տեսչության պետը, որի խոսքերով, դիմում են հիմնականում աշխատանքից ազատվածները: Աշխատողների կողմից դիմումներ հիմնականում չեն լինում, ինչը Կ.Թովմասյանի կարծիքով, աստիճանաբար կփոխվի: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է կառույցի նկատմամբ ժողովրդի վստահությունը, ինչի ուղղությամբ բավականին աշխատանք է տարվում, որոնց թվին կարելի է դասել անցած տարվա ընթացքում հանրապետության շրջկենտրոններում եւ մայրաքաղաքում անցկացված սեմինարները: Վստահության ձեւավորման վառ ապացույցը թերեւս դիմումների աճն է: Օրինակ այս տարվա առաջին ամսում արդեն 5 դիմում է ստացվել: Տեսչության պետի հավելմամբ, ոչ պետական հիմնարկներում լինում են նաեւ խախտումներ` կապված նվազագույն աշխատավարձի ապահովման հետ, որոնց եւս փորձում են երեւան հանել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter