HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2008-ին պետբյուջեի եկամուտներն ավելացել են 16 տոկոսով

Անցյալ տարի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 759.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 760.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.4%-ով  եւ 97.4% ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: 2007 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 16%-ով կամ ավելի քան 104.4 մլրդ դրամով: Ընդ որում, 18.1%-ով կամ 95.3 մլրդ դրամով ավելացել են հարկերը և տուրքերը, 18.7% ով կամ 16.5 մլրդ դրամով` պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ պաշտոնական դրամաշնորհները և այլ եկամուտները նվազել են համապատասխանաբար 2.7 մլրդ դրամով (40.8%-ով) և 4.7 մլրդ դրամով (13.8%-ով): Արդյունքում` եկամուտների կազմում 1.5 տոկոսային կետով աճել է հարկերի և տուրքերի, 0.3 տոկոսային կետով` պարտադիր սոցիալական ապահովության վճարների տեսակարար կշիռը, իսկ պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակարար կշիռը նվազել է համապատասխանաբար 0.5 եւ 1.3 տոկոսային կետով: Պետական բյուջեի եկամուտների զգալի մասը` 78.9%-ը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին, 2.9%-ը` պետական տուրքի, 13.8%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների եւ 3.9%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետբյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 17 մլրդ դրամ` նախորդ տարվա 14.4 մլրդ դրամի դիմաց: Նախորդ տարի պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են շուրջ 598.8 մլրդ դրամ` 100.3%-ով ապահովելով տարեկան ծրագիրը: 2007 թ. համեմատ` հարկային եկամուտներն աճել են 18.8%-ով կամ  94.8 մլրդ դրամով: Ընդ որում` գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ` բացառությամբ պարզեցված հարկի: Հաշվետու տարում ավելացված արժեքի հարկը կազմել է ավելի քան 318.3 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 53.2%-ը: Նշված գումարից 209.2 մլրդ դրամը ստացվել է սահմանին հարկումից, 109.1 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: 2007 թ. համեմատ` նշված հարկատեսակն աճել է 20.9%-ով կամ շուրջ 55 մլրդ դրամով: Ընդ որում, ավելացել են ե´ւ ներմուծումից, ե´ւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները: Ակցիզային հարկի մուտքերը կազմել են շուրջ 45.9 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 7.7%-ը: Նշված գումարից ավելի քան 33.3 մլրդ դրամը ստացվել է հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից, որից 15.9 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 12.6 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծումից: Իսկ Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 12.6 մլրդ դրամ, որից 5.9 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 10.4%-ով կամ 4.3 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է բենզինի ներմուծումից ստացված մուտքերի աճով: 2008 թ. պետբյուջեի հարկային եկամուտների 14.4%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` նախորդ տարվա համեմատ ապահվելով շահութահարկի մուտքերի 14.2% աճ: Անցյալ տարի պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 53.7 մլրդ դրամ եկամտահարկ` կազմելով հարկային եկամուտների 9%-ը: Այն 14.8%-ով կամ 6.9 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Աճի հիմնական աղբյուր են հանդիսացել աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները: Հաշվետու ժամանակահատվածում հարկային եկամուտներից առավելագույն աճ է արձանագրել մաքսատուրքը: Այն կազմել է շուրջ 37.3 մլրդ դրամ` 55.3%-ով կամ 13.3 մլրդ դրամով գերազանցելով 2007 թ. տարեկան ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների 6.2%-ը: Բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից պետբյուջեի մուտքերը կազմել են շուրջ 10 մլրդ դրամ` 8.5%-ով կամ 781.7 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված բնապահպանական վճարների, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանման համար գանձված վճարների ավելացմամբ: 2007 թ. համեմատ որոշ վճարների գծով արձանագրվել է նաեւ մուտքերի անկում: Մասնավորապես` 19.1%-ով նվազել են ավտոտրանսպորտից արտանետվող վնասակար նյութերի համար գանձվող բնապահպանական վճարները: Հաշվետու տարում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 20.3 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես, ավելի քան 6.9 մլրդ դրամ են կազմել ռոյալթին եւ կոնցեսիոն վճարները, ավելի քան 3.9 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 5.4 մլրդ դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 2.8 մլրդ դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար տույժերն ու տուգանքները, 1.2 մլրդ դրամ` Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները: 2007 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերն ավելացել են 29.8%-ով կամ 4.7 մլրդ դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter