Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է նախարարի հիմնավորումները
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում իր մտահոգությունն է հայտնել նախարարի գրությամբ այս տարվա հունվարի 15-ին ՀՀ Դատական եւ Քրեական օրենսգրքերում լրամշակման ներկայացված պատճառաբանությունների վերաբերյալ:
«Համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (16 դեկտեմբերի 1966թ.)` յուրաքանչյուր ոք, իրեն առաջադրված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ իրավունք ունի դատվի իր ներկայությամբ:
Այս, ինչպես նաև վերջինիս հետ թղթակցող միջազգային և սահմանադրական այլ դրույթներից ելնելով է, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածով պարտադիր է համարում ամբաստանյալի մասնակցությունն իր գործի քննության ընթացքում:
Վերջինս հանդիսանում է ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրականացման կարևորագույն երաշխիքներից մեկը, մասնավորապես, ապացույցների ձեռք բերման, իրեն առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև դրա շրջանակներում դատարանի կողմից քննության ենթակա այլ հարցերի կապակցությամբ կարծիքի արտահայտման, միջնորդությունների հարուցման և դատարանի գործողությունների և որոշումների բողոքարկման ապահովման տեսանկյունից:
Մինչդեռ, խնդրո առարկա օրինագծերով նախատեսվում է ամբաստանյալի դատական քննությանը մասնակցելու իրավունքի սահմանափակման հնարավորությունն այն դեպքերում, երբ քրեական գործի քննության ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է սանկցիա` նիստերի դահլիճից հեռացնելը: Ընդ որում` այդ սահմանափակումն առաջարկվում է գերակա այնպիսի շահերն ապահովելու նպատակով, ինչպիսիք են արդարադատության շահը, տուժողների և դատավարության այլ մասնակիցների, վկաների իրավունքների համակողմանի պաշտպանությունը, քաղաքացիների կողմից իրավահպատակ վարքագիծ դրսևորելն ապահովելը»,- ասված է Արմեն Հարությունյանի նամակում:
Պաշտպանը գտնում է, որ թեև հիշատակված շահերը գերակա են ամբաստանյալի մասնակցության իրավունքի նկատմամբ, այդուհանդերձ, դրանց ապահովման նպատակով ներմուծվող սահմանափակումը միայն այն դեպքում կդիտվի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, երբ հանդիսանա իրավաչափ նպատակին ուղղված կամ դրա ապահովման համարժեք միջոց եւ հիմնավորվի, որ առաջադրված նպատակը չի կարող իրագործվել այլ միջոցով, քան իրավունքի սահմանափակումը:
«Կարծում եմ, որ նախագծերով առաջարկվող սահմանափակումը չի համապատասխանում վերը նշված համաչափության և բացառիկության չափանիշներին»,- ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը` Արդարադատության նախարարին ուղղված նամակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել