HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հայաստան-Ադրբեջան 2005-2008թթ. կարծիքներ գլխավորի մասին

Այսպես է վերնագրված «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հրատարակած գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր: Գրքում ներկայացված  հարցազրույցներում եւ վերլուծական հոդվածներում դիտարկվել է 2005-2008թթ. հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների երեք հարթություն: Առաջին`որքանով է կարեւոր Ղարաբաղյան հակամարտության լուծումը հայ եւ ադրբեջանական հասարակությունների համար:

Երկրորդ` ինչպես են անդրադառնում տարածաշրջանից դուրս զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները կողմերի դիրքորոշումների վրա: Երրորդ` որքանով են նման հայ եւ ադրբեջանական իրականությունները միջազգային կազմակերպությունների տեսանկյունից, եւ հակառակը` ինչ վերաբերմունք կա Հայաստանում եւ Ադրբեջանում եվրոպական կառույցների, միջնորդական առաքելությունների նկատմամբ:

Գրքում ընդգրկված են  հայ եւ ադրբեջանական հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ` գրողներ, ռեժիսորներ, հոգեւորականներ, հոգեբաններ, փախստականներ, երիտասարդներ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ասում է, որ  գրքի նպատակն է խթանել հայ-ադրբեջանական մասնագիտական հեռակա երկխոսությունը. «Մենք փորձել ենք վերհանել այնպիսի խնդիրներ, որոնք կարեւոր են երկու պետությունների եւ հասարակությունների համար»: Ընթերցողին հնարավորություն է ընձեռվում գրքի միջոցով միեւնույն հարցերի շուրջ իմանալ տարբեր կողմերում գտնվող մարդկանց կարծիքները:

Աշխատանքը համատեղ էր ադրբեջանական կողմի հետ եւ Ադրբեջանում եւս լույս է տեսել գիրք, սակայն վերնագրերը տարբերվում են: Գրքում դիտարկվել են տարբեր գործոններ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ հարցի կարգավորման գործընթացում, օրինակ կրոնի հարցը. «Փորձել ենք պարզել, թե ինչ դեր ունի կրոնը, արդյոք Ղարաբաղյան հակամարտությունը կապ ունի կրոնական պատականելիության հետ, թե ոչ»,-ասում է Լ. Բաղդասարյանը:

Գրքում անդրադարձ է կատարվում նաեւ, թե որքանով է կարեւոր ղարաբաղյան հակամարտության լուծումը հայ եւ ադրբեջանական հասարակությունների համար եւ գնահատական է տրվում երկու երկրներում եվրոպական կառույցների ու միջնորդական առաքելություններին:

«Օրինակ` Ադրբեջանում ասում են, որ իրենց երկրի հետ հարաբերություններում միջազգային կազմակերպություններին առաջին հերթին հետաքրքրում է նավթը, երկրորդ հերթին` Ադրբեջանի հակաահաբեկչական պայքարի մեջ ներգավվածությունը, եւ միայն երրորդ հերթին` ժողովրդավարության մակարդակը»,- ասում է Լաուրա Բաղդասարյանը եւ  հավելում,  որ Հայաստանում եւս կան միջազգային կազմակերպությունների գործունեությունը քննադատող  կարծիքներ:

Քաղաքական գործիչներից ոմանք էլ գտնում են, որ միջազգային կազմակերպությունների գործունեության հիմքում ոչ թե արժեքներն են, այլ շահերը: Գրքում անդրադարձ է կատարվել, թե ինչպես կարող է անդրադառնալ Կոսովոյի գործոնը ղարաբաղյան խնդրի վրա:

Այս հարցի կապակցությամբ մեջբերվել է քաղաքագետ Իլգար Մամեդովի հարցազրույցից մի հատված, որտեղ մասնավորապես ասվում է, որ «Կոսովոյի անկախությունը հաստատ կարող է գլխապտույտ առաջացնել նրանց մոտ, ովքեր կուզենային Ադրբեջանից հողեր խլել, բայց սա ընդամենը պատրանք է»:

Իսկ թե որքանով է ղարաբաղյան հակամարտությունն ազդում Հայաստանում ու Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի վրա հարցին, փորձել են պատասխանել  Հայաստանում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով գտնում է, որ հակամարտության բացասական ազդեցությունն Ադրբեջանում ավելի ուժեղ է արտահայատված, իսկ ադրբեջանցի փաստաբան Ֆուադ Աղաեւի կարծիքով էլ հակամարտության ազդեցության իրական չափը շատ ավելի քիչ է, քան հայտարարում են ադրբեջանական իշխանությունները:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով ներկա էր շնորհանդեսին, գտնում է , որ գրքի գաղափարը փայլուն է, քանի որ երկխոսությունը շատ կարեւոր է. «Միայն կառաջարկեի գրքի կազմի վրա  աչքի եւ ականջի փոխարեն լիներ ականջ եւ բերան, այսինքն` ասողին լսող է պետք, քանի որ այսօր ասողին լսող չկա»:

Գիրքը լույս է տեսել «Ստերեոտիպերի հաղթահարում եւ ընդհանուր տեղեկատվական միջավայրի ձեւավորում» ծրագրի շրջանակներում, որը «Հաշտեցման ռեսուրսներ» միջազգային  կազմակերպության  ֆինանսական աջակցությամբ իրականացնում էին  «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Հայաստանում եւ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը Ադրբեջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter