Բ. Եսայան. «Դպրոցը տալիս է բավարար գիտելիք` ուսումը բուհում շարունակելու համար»
«Մենք չենք կարող ունենալ զարգացած պետություն, գիտելիքահենք տնտեսություն, եթե կրտսեր դպրոցից սկսած չունենանք որակյալ կրթություն ապահովելու նպատակ»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը:
Նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` փոխնախարարն անդրադարձել է նաեւ ավագ դպրոցի բարեփոխումներին` շեշտելով, որ այն գտնվում է երկրի ղեկավարության հատուկ ուշադրության կենտրոնում, ինչի վկայությունն է Հանրապետության նախագահի վերջին այցը Երևանի ավագ դպրոցներից մեկը:
Բ. Եսայանը տեղեկացրել է, որ այժմ հանրապետությունում գործող 10 ավագ դպրոցների ցանցին հաջորդ ուսումնական տարի կավելանան ևս 42-ը, ապա` 50-ը: Սա ենթադրում է, որ մոտ ապագայում ավագ դպրոցները հասու կլինեն հանրապետության ազգաբնակչության մեծ մասին:
Անդրադառնալով գյուղական համայնքներում ավագ դպրոցների խնդրին` նա նշել է, որ գյուղի դպրոցները չեն վերածվի հիմնական դպրոցի եւ նախատեսվում է գյուղախմբերի համար առանձնացնել մեկ ավագ դպրոց: Փոխնախարարի հավաստմամբ` կատարվում է ավագ դպրոցների ուսուցման ընթացքի ամենօրյա վերլուծություն, որի ընթացքում հստակեցվում են բոլոր ծրագրերը, հաշվի են առնվում մանկավարժական կազմի, ծնողների և աշակերտների տեսակետները:
«Առայժմ արդյունքները խիստ հուսադրող են. կա վերաբերմունքի հստակ փոփոխություն: Լուծված է ավագ դպրոցների ավարտական դասարաններում շրջանավարտների բացակայության խնդիրը. գրանցվել է բարձր հաճախելիություն: Աշակերտները համոզվում են, որ դպրոցը տալիս է այն գիտելիքը, որը բավարար է` ուսումը բուհում շարունակելու համար»,- ասել է Եսայանը:
Անդրադարնալով ավարտական և միասնական քննություններին` նա հիշեցրել է, որ այս տարի բուհական ընդունելության քննությունները բոլոր առարկաների գծով անցկացվելու են միասնական համակարգով: Արդեն սկսվել է հայտագրումը, որը կշարունակվի մինչև մարտի 15-ը: Եվս մեկ ամիս կտրվի դիմորդներին` հայտում հնարավոր փոփոխություններ կատարելու նպատակով:
Ըստ փոխնախարարի` գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները պարբերաբար այցելում են հանրապետության դպրոցներ` ընթացակարգի հետ կապված խնդիրներին լուծում տալու նպատակով:
Տարվա ընթացքում վերապատրաստվելու է մոտ հազար կազմակերպիչ` քննական գործընթացը սահուն անցկացնելու համար:
Այս տարի ԳԹԿ-ն ձեռնամուխ է եղել գիտելիքների ընթացիկ գնահատման գործընթացին: Դեկտեմբերին անցկացված գնահատման վերլուծությունն արդեն պատրաստ է. կատարվել են անհրաժեշտ եզրակացություններ` հատկապես կազմակերպչական հարցերի տեսանկյունից: Գնահատման հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել մարտ ամսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել