Կապանի ավագանին հիմնավորումներ է փնտրում տարեկան բյուջեն դռնփակ նիստում քննարկելու համար
Կապանի քաղաքապետարանի պատմության մեջ 1996 թվականից ի վեր առաջին անգամ անցած տարվա դեկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու նիստին 11 անդամներից ներկա 10-ի միաձայն որոշմամբ նիստն անցկացվեց դռնփակ:
Նշենք, որ 2008 թ. հոկտեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում անճշտությունների մեծ թվի պատճառով, քաղաքի ավագանին այժմ ունի 11 անդամ: Դռնփակ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց էր` աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերի հաստատումը: Դռնփակ նիստը վարեց Կապանի քաղաքապետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, քանի որ քաղաքապետ Արտուր Աթայանը գործուղված էր Բելառուս:
Ավագանու անդամները քվեարկեցին մի նախագծի օգտին, որով կրճատվելու են քաղաքապետարանի ենթակա հիմնարկություններում առկա հաստիքները: Ըստ Կապանի քաղաքապետարանի տրամադրած արձանագրության` Գ. Ղահրամանյանն առաջարկեց նիստը շարունակել դռնփակ` հարցի քննարկումը աշխատանքային անկաշկանդ պայմաններում անցկացնելու նպատակով:
Ավագանու անդամ Գարիկ Միրզոյանն առաջարկեց մամլո քարտուղարի պաշտոնական դրույքաչափը սահմանել 90.000 դրամ: Էդգար Մարտիրոսյանն առաջարկեց թիվ 5 մանկապարտեզի հաստիքացուցակում ավելացնել միջոցառումների կազմակերպման համար մեկ հաստիք: Խորեն Հարությունյանն էլ թիվ 8 մանկապարտեզի հաստիքացուցակում առաջարկեց ավելացնել հոգեբանի մեկ հաստիք: Վերջինս առաջարկեց վերակազմավորվող` "Կապանի կոմունալ սպասարկում հիմնարկի" հաստիքացուցակում նախատեսել փոխտնօրենի մեկ հաստիք, նաեւ նախատեսված պահակների թվաքանակն ավելացնել մեկով: Հետաքրքիր է, որ այդ օրերին ավագանու անդամներն ու քաղաքապետարանի պաշտոնյաները թվային տվյալներ չէին հրապարակում` նշելով, որ նախագիծը կարող է փոփոխվել:
Մեր այն հարցին, թե ինչպես են քվեարկել մի նախագծի օգտին, եթե թվերին չեն տիրապետում, ավագանու անդամներից մեկ-երկուսը նշեցին, որ նախագծում կրճատում բառ չկար: "Մենք քվեարկել ենք ոչ թե կրճատման օգտին, այլ հաստատել ենք հաստիքացուցակը: Սակայն, սա էլ դեռ փոփոխական է, քանի որ բոլոր հարցերը պարզ են լինելու քաղաքի բյուջեն քննարկելուց ու հաստատելուց հետո",- ասաց ավագանու անդամ Խորեն Հարությունյանը: Մեկ այլ անդամ` Էդգար Մարտիրոսյանն էլ չի ընդունում այն մեղադրանքը, թե ի վնաս համայնքի են աշխատում: "Ավելորդ հաստիքներն ենք կրճատում, օրինակ մանկապարտեզներում` գործավարներին, չգործող օդանավակայանի ու ջերմամատակարարման հիմնարկների աշխատակիցներին",- ասաց Է. Մարտիրոսյանը:
Ավելի ուշ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, հանդիպելով համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներին, պաշտոնապես հայտարարեց, որ համայնքային ենթակայության հաստատություններից 300 մարդ կրճատվելու է: "Անխուսափելի են կրճատումները, ուռճացված հաստիքներ կան: Պետք է մեկ-երկու աշխատող ունենան գրադարանները, ոչ թե ութ կամ յոթ: Գնում ենք դեպի եվրոպական չափանիշներ"- հայտարարեց Ա. Աթայանը: Ի վերջո, թե երբ պարզ կլինի իրավիճակը, ոչ ոք չի կարող ասել: "Ասել ու կրկնում ենք` բյուջեն հաստատելիս ամեն ինչ հստակ կլինի",- նշում են ավագանու անդամները:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է բյուջեի քննարկումն էլ դռնփակ նիստում արվի, ավագանու անդամներն ամենայն լրջությամբ նշեցին, որ չի բացառվում: Նրանք մեջբերում են "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, ըստ որի` "համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ": Թե որոնք են այդ առանձին դեպքերը, նրանք չեն նշում: "Գուցե ամեն նիստ առանձին դեպք է",- մտածում են ավագանու ընտրյալ անդամները:
Նշենք նաեւ, որ 2008 թ. դեկտեմբերի 3-ին ավագանու առաջին նիստը սկսվելուց մոտավորապես 30 րոպե անց քաղաքապետի մամլո խոսնակ Հասմիկ Թովմասյանը, ստանալով համանքի ղեկավարի համաձայնությունը, նիստին մասնակից լրա•րողներին խնդրել է ազատել նիստերի սենյակը: Լրագրողները հետո ստիպված էին սպասել, մինչեւ ավարտվի նիստը, որպեսզի հարցեր ուղղեն ավագանու անդամներին:
Նիստի օրակարգում մեկ հարց էր` ավագանու կանոնադրության ընդունումը: Զարմանալի է, որ այս նիստն էլ է փակ` չնայած ավագանու անդամներն ու քաղաքապետարանի պաշտոնյաները պնդում են, որ լրագրողների հեռանալուց հետո քննարկվել են ներխոհանոցային հարցեր: Ի դեպ, Կապանի համայնքի ավագանու անդրանիկ նիստում, համայնքի պատմության մեջ դարձյալ առաջին անգամ, ավագանու անդամները երդվեցին աշխատել ՀՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ` ի նպաստ համայնքի զարգացման:
Սակայն, երբ բանավոր դիմեցինք քաղաքապետարան` խնդրելով տրամադրել ավագանու նիստերի արձանագրությունները, անընդհատ ինչ-ինչ պատճառներով հետաձգում էին: Մեր գրավոր հարցումից հետո Կապանի քաղաքապետարանը 5-օրյա ժամկետում "Հայփոստի" միջոցով տրամադրեց նիստերի արձանագրությունները:
Արմեն Դավթյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել