Նախագահը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները` փոխոստիկանապետի սպանությունը բացահայտելու համար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության առնչությամբ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:
Անդրադառնալով տեղի ունեցած ոճրագործությանը, նախագահը նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ եւ տեղյակ է դեպքի քննության ընթացքին:
Նա պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների, պարզված հանգամանքների եւ առաջ քաշված վարկածների վերաբերյալ:
«Ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց` ցավ, վրդովմունք, վիրավորանք: Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլ մի ողջ համակարգի` ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ: Գեւորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացմանն ուղղված պայքարին եւ սա էլ մենք պետք է գիտակցենք: Պետք է գիտակցենք եւ համարժեք պատասխան տանք: Մեր գործողությունները պետք է բխեն նաեւ այս հանգամանքից»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ դեպքի առթիվ ստեղծված քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը նախագահ Սարգսյանին զեկուցել են դեպքի մանրամասները եւ այդ առնչությամբ տարվող քննության հիմնական ուղղությունները:
Նախագահը հանձնարարել է պարբերաբար զեկուցել քննության արդյունքերի մասին եւ ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել