Արմեն Բերբերյան. «Հայաստանի արժեթղթերի շուկան ունի փայլուն ենթակառուցվածք»
Այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարվեց տնտեսության բազմաթիվ ոլորտներում գործունեություն ծավալող «Վալլետտա» ՍՊԸ-ի կողմից 350 մլն դրամ արժողությամբ պարտատոսմսերի տրանշի լրիվ մարման մասին:
Դեռ 2007 թ. կեսերից էր սկսվել 50.000 անվանական արժեք ունեցող 7000 հազար պարտատոմսերի տեղաբաշխումը, և արժեկտրոնների վճարումը կատարվել է 6 ամսվա հաճախականությամբ` անվանական արժեքի 5.25 տոկոսի չափով: Արդյունքում սեփականատերերին վճարվել է 55.125.000 ՀՀ դրամ:
«Վալլետտա» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Արմեն Բերբերյանի խոսքերով` չնայած ներկա պահին Հայաստանի տնտեսությունը որոշակի դժվարություններ ունի, սակայն իրենք, որպես շուկայի պատշաճ մասնակից, ժամանակին կատարում են իրենց ստանձնած պարտավորությունները բոլոր պարտատերերի նկատմամբ:
Արմեն Բերբերյանը համոզված է, որ թողարկված պարտատոմսերի հաջողության գրավականը «Վալլետտա»-ի և ArmSwiss բանկի համագործակցությունն է. «Սա նաև ապացույց է, որ Հայաստանում հնարավոր է և իրականացվում է առողջ համագործացություն բիզնեսի և առևտրային բանկերի միջև:
ArmSwiss բանկի ներդրումների դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանն ասաց, որ սա իրենց առաջին թողարկումն էր և առաջին փորձը, բայց պարտատոմսերը շատ գրավիչ էին. «Մինչև բորսայական առևտրի հանձնելը պարտատոմսերով կատարվել է 80 մլն դրամից ավելի գործարք, ընդ որում` առևտրի անցնելուց հետո այդ գործարքների թիվը կազմել է 770 մլն` պարտատոմսերի ամբողջ շրջանառության ընթացքում, այսինքն` 350 մլն պարտատոմսերով կատարվել է 2 անգամ ավելի դրամի գործարք, ինչն արդեն մեծ թիվ է Հայաստանի համար, քանի որ շուկան նոր է ձևավորվում և կայանում»,-կարծում է Կ. Տուրյանը:
Ըստ բանկի ներկայացուցչի`այդ պարտատոմսերն արժեթուղթ էին, որով Կենտրոնական բանկն իր դրամավարկային ծրագրի հիմքի վրա ապահովում էր շուկայի դրամական իրացվելիությունը, և իրենք էլ համատեղ իրենց հաճախորդներին նույնպես տրամադրում էին դրամական միջոցներ այդ պարտատոմսերի դիմաց. «Այս պարտատոմսերը շատ ձեռնտու էին կարճաժամկետ իրացվելիությունը և կարճաժամկետ դրամական հոսքերը կառավարելու նպատակով»:
Արմեն Բերբերյանի կարծիքով` այսօր Հայաստանի արժեթղթերի շուկան ունի փայլուն ենթակառուցվածք. «Մենք ստեղծել ենք և արդեն 10 տարի ունենք խողովակաշարեր, որտեղով կարող են շրջանառվել արժեթղթերի շուկային բնորոշ ակտիվներ, մենք ունենք փայլուն պետական կարգարվորողներ, մենք ուենք դեպոզիտարիա, մենք ունենք օրենքներ»: Սակայն, ըստ Բերբերյանի, արժեթղթերի շուկայի կապիտալիզացիայի և ծավալների մեծացման առումով իրենք ավելին են սպասում:
Նա միևնույն ժամանակ ընդգծում է, որ կապված տնտեսական ճգնաժամի հետ` Հայաստանը, չուենալով մեծ ներգրավվածություն օտարերկրյա արժեթղթերի շուկայում, զերծ մնաց արտասահմանում տիրող խորը ճգնաժամի զարկի. «Քանի որ եթե դու մասնակցում ես արժեթղթերի շուկային, որը կտրուկ անկում է ապրում, դու չես կարող այդ շուկայի հետ միասին չընկնել, բայց ես հակված եմ մտածելու, որ մոտակա տարիներին մեր արժեթղթերի շուկայի ծավալները չեն զիջի լավագույն արժեթղթերի շուկա ունեցող պետություններին»,- հույս հայտնեց Ա. Բերբերյանը:
Ա. Բերբերյանի համոզմամբ` պատմության մեջ ցանկացած պետություն, որ ուզում է ստեղծել արժեթղթերի շուկա, սկսում է ամենապարզ, ամենավստահելի արժեթղթերից` պարտատոմսերից, որոնք բարդ չեն ներդրողների համար և հասկանալի: Բերբերյանը պարզաբանում է, որ շատ մեծ նշանակություն ունի այդ պարտատոմսերի թողարկման հաջողված լինելը. եթե գործարարը տեսնում է, որ արժեթղթերից իր համար ամենահասանելին լավ չի տեղաբաշխվում, կամ տեղաբաշվելով` լավ չի սպասարկվում, ապա թերահավատ է դառնում արժեթղթերի մյուս բոլոր տեսակների նկատմամբ:
Ի դեպ, Արմեն Բերբերյանը շեշտեց, որ «Վալլետտա» ՍՊԸ-ն ունի բանկային վարկեր և կորպորատիվ պարտատոմսեր, սակայն կորպորատիվ պարտատոմսերին առաջնություն տալու նպատակը ոչ այնքան ֆինանսավորման խնդիրն է լուծում, քանի որ պարտատոմսերը մի քիչ ավելի էժան գործիք են, որքան հանրությանն իրենց ծրագրերին մասնակից դարձնելու հարցը:
«Վալլետտա» ընկերության ղեկավարությունը պատրաստվում է շարունակել զարգացման ծրագրերը բոլոր ուղղություններով: «Ծրագրերը շարունակվում են, և մենք որևէ մտադրություն չունենք այդ ծրագրերը կանգնեցնել, մենք դրանք զարգացնելու ենք, ծավալները մեծանալու են, ունենք պարտատոմսերի ևս 2 թողարկում, որոնք այս թողարկման նման պատշաճ կերպով կմարվեն, և այժմ մենք քննարկում ենք մեր հետագա քայլերը այս բնագավառում զարգացնելու, մեծացնելու և հերթական թողարկում կատարելու»,-եզրափակեց Ա. Բերբերյանը
Պարտատոմսերից մեկը`500 մլն դրամ արժողությամբ, կմարվի այս տարի, նույն արժողությամբ մյուս թողարկման կեսը կմարվի այս տարի, իսկ մյուս մասը կշարունակի շրջանառվել կորպորատիվ պարտատոմսերի շուկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել