HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Խորհրդարանական խմբակցությունները` Գ. Մհերյանի սպանության մասին

Ազգային Ժողովի խորհրդարանական խմբակցությունները փետրվարի 6-ի ճեպազրույցների ընթացքում անդրադարձան փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դատապարտեց կատարվածը` նշելով, որ սա հերթական ապացույցն է այն բանի, որ իրավապահ համակարգը Հայաստանում ավելի շատ զբաղված է քաղաքական խնդիրներով, քան իր բուն գործունեությամբ: Արձանագրելով, որ բոլորս խոցելի ենք, Ա. Մարտիրոսյանը հույս հայտնեց, թե սպանությունը չի դասվի չբացահայտվածների շարքին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով` բոլորս խոցելի ենք, քանի որ մարտի 1-ի սպանությունների հեղինակներն ազատության մեջ են ու բացահայտված չեն: ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն ասաց, որ բոլորս զորակցենք ու աջակցենք բացահայտման գործընթացին, քանի որ թերթում արդեն կա մարդասպանի ֆոտոռոբոտը: Ըստ նրա` պետք է հետեւողական լինենք, որ սպանությունը բացահայտվի, քանի որ չպատժված հանցանքը ծնում է նորը: ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանն էլ գտնում է, որ ոստիկանության համար խնդիրը պատվի ու արժանապատվության հարց է, եւ կարվի ամեն հնարավորը` գործը բացահայտելու համար: Հրայր Կարապետյանի խոսքով` կատարվածը հուսահատեցնում է հասարակությանը: Լրագրողների հարցին` արդյոք անհրաժեշտություն չկա բարձրացնել գլխավոր դատախազի հրաժարականի հարցը, քանի որ նրան ընտրում է խորհրդարանը, ՀՅԴ խմբակցության անդամը պատասխանեց, որ եթե սպանությունների չբացահայտված շղթան շարունակվի, դրա կարիքը կլինի: Հրայր Կարապետյանի խոսքով` հետեւություններ պետք է անեն եւ' գլխավոր դատախազը, եւ' ուժային կառույցները, եւ' նրանց նշանակողները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավաստեց, թե ԲՀԿ-ն հետեւելու է գործընթացին եւ հարցադրումներ է անելու աղմկոտ սպանությունների քննության իրավիճակը պարզելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ գտնում է, որ կատարվածը ծանր ազդեցություն է ունեցել հասարակության վրա: Նա խորհուրդ է տալիս սպասել քննության ավարտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter