Այս գիշեր պետք է ուտել աղի բլիթ
Վաղը` փետրվարի 7-ին, Ս. Սարգսի տոնի կապակցությամբ Ս. Սարգսի անունը կրող բոլոր երեք եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ: Նկարիչների միությունում ժամը 13:00-ին կբացվի ցուցահանդես-մրցույթ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի սիրո տոնին նվիրված ցուցահանդես, իսկ օրվա գլխավոր տոնակատարությունը կմեկնարկի ժամը 15:00-ին` «Սիրահարների պուրակում»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի քահանա Տեր Հակոբ Խաչատրյանը, տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլիզա Մանուկյանը եւ ազգագրագետ Հարություն Փանոսյանը:
«Ս. Սարգսի տոնը եկեղեցական ամենալուսավոր եւ գեղեցիկ տոներից է, իսկ Ս. Սարգիսը` ամենասիրելի սրբերից»,- ասաց Տեր Հակոբը, ով իր մտահոգությունն արտահայտեց հայ երիտասարդների կողմից սիրված Ս. Վալենտինի տոնի կապակցությամբ:
«Ս. Վալենտին անունով 3 սուրբ կա կաթոլիկ եկեղեցում, սակայն նրանցից ոչ մեկը չունի այն կենսագրությունը, որը վերագրվում է այդ Ս.Վալենտինին»,-ասաց Տեր Հակոբը: Նրա խոսքերով` Ս.Վալենտինը հորինվել է գործարարների կողմից, ովքեր իրենց որոշակի ապրանքը ծախելու համար նմանատիպ տոն են հորինել:
Նրա կարծիքով` մեր տոնը եւ մեր ավանդույթները շատ ավելի գեղեցիկ եւ ոչ հորինված են, ուստի պարտավոր ենք նշել մեր` Առաքելական եկեղեցու կողմից ընդունվող տոնը:
Եկեղեցին աղի բլիթ ուտելու ավանդույթը համարում է տոնի կենցաղային բաղադրիչ, որը յուրաքանչյուր տոնին հատուկ է (օրինակ` Փոքր Զատկին եփվող չամիչով փլավը):
Ազգագրագետ Հարություն Փանոսյանն էլ կարծում է, որ աղի բլիթը հորինված է ժողովրդի կողմից, եւ վերջինս Ս.Սարգսի միջոցով Աստծուն հաղորդակից է դարձնում իր սիրեցյալի ընտրությանը: Աղի բլիթ պետք է ուտել այս գիշեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել