HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ճգնաժամը պետք է հաղթահարել աշխատելով

Այսօր «Նովոստի» մամլո կենտրոնում «Վալլետտա» ՍՊԸ-ի տնօրեն Շահեն Ստեփանյանը պատասխանեց Հետքի այն հարցին, թե արտասահմանից տնտեսական ճգնաժամի արդյունքում էժանացած ապրանքները Հայաստանում թանկ գներով մաքսազերծելը չէ, արդյոք, պատճառը, որ Հայաստանում գները չեն իջնում: «Ստեղծված իրավիճակը` գների անկման հետ կապված, առայժմ ի զորու չէ ազդել Հայաստանի գների վրա, քանի որ բավականին շատ ներմուծված ապրանքներ ձեռք են բերվել նախկինում, և պետք է ժամանակահատված, որպեսզի կարողանանք վաճառել եղածը, հետո անցնենք նոր գնային քաղաքականության, բայց եթե դուք նկատել եք, կան արդեն միտումներ գները իջեցնելու: Մեր ընկերության ներսում էլ կա գների իջեցման միտումը, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք այսօր, կարծում եմ` այդ միտումը դրականորեն կազդի բոլոր ներկրողների վրա»: Ընկերության ֆինանսական տնօրեն Ա. Բերբերյանը հակված չէ ճգնաժամի երևույթը Հայաստանում անվանել այդպես: Նրա կարծիքով` եթե մի երևույթ առկա է ՀՀ-ում, բնականաբար, այն պետք է ազդի բոլորի վրա, սակայն ոչ բոլորի վրա է այն հավասար բացասական ազդեցություն ունենում, իսկ ազդեցության աստիճանը կախված է տվյալ ձեռնարկության կառավարման համակարգից, ծրագրերի որակից, աշխատողների օպտիմիզմից: «Մենք ճգնաժամի ազդեցույթունը երբևէ չենք զգացել, շարունակում ենք աշխատել և նոր աշխատատեղեր ստեղծել»,- ասաց Շահեն Ստեփանյանը: Ա. Բերբերյանի խոսքերով էլ` իրենք իրենց ծրագրերի իրականացման համար ընտրել են գործունեության ուղեգիծ, «որտեղ առաջնահերթ դրվել է մեր պարտավորությունների կատարումը, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաների ներմուծումը և' սպասարկման, և' արտադրության, և' կառավարման բնագավառում: Ըստ Ա. Բերբերյանի` իրենց ծրագրերում կարևոր է սոցիալական ուղղվածությունը: «Ճգնաժամից կարելի է նաև օգուտ քաղել: Քսայուղերը, վառելիքը էժանանում են, եթե ընկերությունները հաղթահարեն պեսիմիստական տրամադրությունները և աշխատեն, ապա որոշակի ժամանակ անց որոշակի մեծ հաջողություններ կունենան, հենց այդ պատճառով էլ մենք չենք կրճատում մեր արտադրությունը, մեր սպասարկումը, հակառակը` զարգացնում ենք»,- կարծում է Ա. Բերբերյանը: Այս տարի «Վալլետտա» կազմակերպությունը պատրաստվում է նոր ծրագրերով ներկայանալ հանրությանը: Մասնավորապես, «Բիելլա» ապրանքանշանով մսամթերքի արտադրանքը զարգացնելու համար Ջրվեժում այժմ կառուցվում է մսամթերքի նոր գործարան, որտեղ արտադրվելու է «աննախադեպ որակի մսամթերք, և կապահովվեն նոր աշխատատեղեր»: «Գործարանն իր բոլոր մասնաշենքերով 1.5 տարուց պատրաստ կլինի, իսկ 2 տարվա տևողությամբ հոսքագծերը և սարքավորումները տեղադրված կլինեն, և արտադրանք կստանանք, դա կլինի լավագույններից ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում»,- ասում են ընկերության ներկայացուցիչները: Ի դեպ, «Վալլետտան» դիմել է վերջերս ստեղծված Կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ` գործարանի կառուցմանն աջակցելու համար այն առումով, որպեսզի իրենց կողմից կատարվող վճարումները երկարաձգվեն, և ընկերությունը կարողանա ավելի հեշտ և ավելի կարճ ժամկետում միջոցներ հայթայթել գործարանը կառուցելու համար: «Պրեմիեր» սուրճի արտադրանքը ընդլայնելու համար ընկերությունը կառուցելու է գործարան, ժամանակակից սպասարկման որակ ունեցող սրճարանատուն և 1200 մակերեսով էլկտրոնիկայի սուպերմարկետ: Արմեն Բերբերյանի կարծիքով` Հայաստանի շուկան թեեւ կատարյալ չէ, բայց ազատ է. «Եկեք լինենք օպտիմիստ, քանի որ ճգնաժամ բառը հնչեցնելն արդեն ազդում է այդ օպտիմիզմի վրա և բերում է դրա դեֆիցիտի, մենք բոլորս գտնվում ենք մի նավակում, որի ճոճումը կբերի բոլորի խորտակմանը, վնաս կբերեք ոչ միայն ձեզ, այլև դիմացինին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter