HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ադանայի կոտորածների հարյուրամյա տարելիցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2009 թ. ապրիլի 20-21-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան գիտաժողովի թեմայի հիմնախնդիրներով զբաղվող պատմաբան մասնագետներ` Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Շվեդիայից: Յայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը տեղեկացնում է, որ Երևանում կայանալիք երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները կներկայացնեն զեկուցումներ 1909թ. գարնանը տեղի ունեցած հայկական կոտորածների վերաբերյալ` հիմնականում անդրադառնալով կոտորածների դրդապատճառներին, հետևանքներին, ինչպես նաև դրանց միջազգային արձագանքներին: 1908թ. երիտթուրքական հեղաշրջումը բարեփոխումների որոշակի հույսեր առաջացրեց կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների շրջանում: Առաջացած ոգևորությունը, մահմեդականների և քրիստոնյաների իրավահավասարության կոչերը, սակայն, մարեցին Ադանայի և նրա շրջակայքի հայ բնակչության դաժան կոտորածներից հետո: Այս կոտորածները վերահաստատեցին քրիստոնյա ազգային փոքրամասնությունների` հատկապես հայերի նկատմամբ օսմանյան իշխանությունների ունեցած ավանդական քաղաքականությունը: Ադանայի 1909թ.  կոտորածը դարձավ Օսմանյան կայսրության` հայ բնակչության դեմ պետականորեն կազմակերպած և իրագործած ցեղասպանական քաղաքականության խորհրդանշական նախերգանքը: Հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացվել էին նաև նախկինում. 1894-1896 թթ. համիդյան ջարդերի հետևանքով բնաջնջվեցին և տեղահանվեցին շուրջ 300 հազար օսմանահպատակ հայեր: Ադանայի 1909թ. ջարդերի ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք կարևոր հիմնահարցեր` կապված, մասնավորաqպես, ջարդերի հետաքննության, փոխհատուցման, ջարդերին թուրքական կանոնավոր բանակի մասնակցության և այլ խնդիրների հետ: 1909թ.Ադանայի կոտորածները ազդարարեցին հայերի բնաջնջման լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը, որը շարունակվեց Առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից հետո: Հայերի դեմ պետականորեն ծրագրված ու իրագործված ցեղասպանական քաղաքականության արդյունքում բնաջնջվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր: Շուրջ 300 հազար հայ բռնագաղթվեցին իրենց հայրենի բնօրրանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter