Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումերի համար անցկացնում է քննարկումներ
Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել խոշոր ներկրողների եւ առաքիչների հետ:
Նրանք տարիների ընթացքում մասնագիտացել են տարբեր ոլորտներում Հայաստանում պահանջարկ վայելող ապրանքատեսակների ներկրմամբ, ունեն փորձ, գիտելիքներ, արտերկրի շուկաների հետ կապեր եւ կարող են այդ մրցակցային առավելություններն օգտագործել նաեւ տեղական արտադրության խթանման նպատակով` հնարավոր ապրանքատեսակների մասով ներկրողից դառնալով նույնքան շահութաբերությամբ աշխատող տեղական արտադրող եւ արտահանող։
Հատկապես համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկացած պետության համար դա կարեւոր հակաճգնաժամային միջոցառումներից մեկն է, եւ ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել տեղական արտադրության զարգացմանը, բացառիկ հնարավորություններ ստեղծելով ներդրումներ անելու համար։
Նշելով, որ վերջին տարիներին ներկրողները բավականին բարենպաստ միջավայրում են իրականացրել իրենց բիզնեսը, սակայն այսօր համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամով պայմանավորված, իրավիճակը փոխվել է, վարչապետն ասել է, թե առկա միջավայրը ներկրողներին թելադրում է փոխել վարքագիծը, գնահատել շուկայի իրավիճակը, առեւտրային եւ վճարային հաշվեկշռի կառուցվածքը:
«Համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը ստեղծել է նոր իրավիճակ նաեւ կառավարությունում։ Մենք պետք է ձեռնարկենք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց բովանդակությունը հետեւյալն է` իրականացնել այնպիսի ներդրումներ, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ-ում, որոնք պետք է բարելավեն մեր առեւտրային եւ վճարային հաշվեկշիռը, միջոցառումներ, որոնք խթանելու են վերամշակման ոլորտի զարգացումը ՀՀ-ում։
Սրանք այն հրապարակային փաստթղթերը եւ թեզերն են, որ մենք վերջին 6-7 ամիսների ընթացքում ներկայացնում ենք հանրությանը, Ազգային ժողովին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Կցանկանայի լսել ձեզ, հասկանալու համար` ի՞նչ հարցեր են ձեզ մտահոգում, ի՞նչ խնդիրներ եք դուք տեսնում, ինչո՞վ մենք կարող ենք ձեզ աջակցել, որպեսզի մեր ընհանուր հակաճգնաժամային միջոցառումների ներքո տեղավորվի նաեւ ձեր գործունեությունը, ձեր ներդրումային քաղաքականությունը»,- ասել է վարչապետը։
Հանդիպման ժամանակ ներկրողները ներկայացրել են իրենց խնդիրները, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին եւ կառավարությանը` իրենց կարողությունները տեղական արտադրության մեջ առավելագույնս օգտագործելու հարցում աջակցության պատրաստակամության եւ առաջարկի համար։
Նրանք քննարկել են արտադրության կազմակերպման հնարավոր ոլորտները, նաեւ` տեղում որոշակի ռաջարկություններ ներկայացրել ՀՀ կառավարության ղեկավարին։
Ամփոփելով հանդիպումը, Տիգրան Սարգսայնն ընդգծել է, թե ՀՀ կառավարության համար կարեւոր է, որ իր քաղաքականությունը հասկանալի եւ կանխատեսելի լինի գործարար համայնքի համար, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու եւ քննարկմանը շահագրգիռ մասնակցություն ունենալու համար։
Վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում` ներկրող գործարարները եւս առաջիկայում կներկայացնեն իրենց բիզնես ծրագրերը, որոնց իրականացմանը պետությունը պատրաստ է աջակցել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել