HY RU EN

Հանքարդյունաբերություն. տնտեսության շարժիչ ո՞ւժ, թե՞ կործանման ճանապարհ

Հայաստանում 2010 թ. արդյունահանվել է 40946.1 տոննա պղինձ և 5408.0 տոննա մոլիբդեն, իսկ ըստ Բլումբերգ գործակալության՝ 2011 թ. պղնձի դեֆիցիտը կկազմի 635 000 տոննա, որը կլինի ամենաբարձրը՝ սկսած 2004 թ.-ից, և գինը կգերազանցի 10 000 ԱՄՆ դոլարը, համաշխարհային պահանջարկը կավելանա 4.2 %-ով: Մորգան Ստենլի բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ պղնձի գինը կկազմի 11 000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում, ըստ Բարքլի կապիտալի, այն կհասնի մինչև 13 000 ԱՄՆ դոլար:

Մինչև համաշխարհային ճգնաժամը պղնձի համաշխարհային գները տատանվում էին 8000 դոլարի շրջակայքում, սակայն ճգնաժամի փուլում նվազեցին մինչև 2500 դոլար: Ներկայիս գները ցույց են տալիս, որ ոլորտը ոչ միայն վերականգնվել է, այլև տարեց տարի մետաղների գների աճ է դիտվում:

ՀՀ կառավարությունը, ի դեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, նախաձեռնել է ՀՀ ընդերքի նոր օրենսգրքի մշակումը, որն առաջին ընթերցմամբ արդեն անցել է Ազգային ժողովում: Սակայն նոր օրենսգիրքը ոչ միայն չի լուծում նախկինում ի հայտ եկած խնդիրները, այլև լրացուցիչ խթաններ է ստեղծում Հայաստանի ստորգետնյա ռեսուրսների՝ մասնավորապես մետաղների ոչ ռացիոնալ և համալիր օգտագործման համար:

Վերոհիշյալ օրենսգրքի նախագիծը պարունակում է բազմաթիվ բնապահպանական, տնտեսական և կոռուպցիոն ռիսկեր:

ԱԺ-ում արդեն առաջին ընթերցմամբ անցած օրենսգրքի նախագիծը հանքարդյունաբերության ոլորտում կարծես «No Problem» սկզբունքի կիրառման լավագույն նմուշ է՝ բացառելով բնապահպանական ազդեցությունները և խնդիրները, երկրորդավորելով պետական և ապագա սերունդների շահերը:

Բնապահպանական խնդիրների և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսանկյունից հանքարդյունաբերության ոլորտն ի սկզբանե գտնվում է արտոնյալ վիճակում:

Մի կողմ դնելով շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների, մթնոլորտային և ջրային ռեսուրսների աղտոտման և ոչ համահունչ փոխհատուցման խնդիրը՝ անդրադառնանք թափոնների տեղադրմանը:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով թափոնների տեղադրման համար վճարները սահմանվում են՝ ըստ վերջիններիս վտանգավորության աստիճանի՝ 4-ից մինչև 1-ին դասի, համապատասխանաբար 1500 դրամից մինչև 48 000 դրամ/տոննա դրույքաչափերով, ինչպես նաև ոչ վտանգավոր թափոնների համար՝ 600 դրամ/տոննա և հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների համար՝ 60 դրամ/տոննա դրույքաչափով:

Միևնույն ժամանակ, ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, Հայաստանում 2010 թ. արտադրված թափոնների 99.66 %-ը բաժին է ընկնում Սյունիքի մարզին, որի հիմնական աղբյուրը հանքարդյունաբերությունն է: Սակայն վերը նշված «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով՝ լեռնարդյունահանող իրավաբանական անձանց կողմից առաջացած թափոնների համար սահմանված է 0 ԶՐՈ դրամ դրույքաչափ:

Եթե նույնիսկ հաշվի չառնենք լեռնարդյունաբերության թափոնների վտանգավորության աստիճանը՝ պայմանավորված վերջիններիս մեջ վտանգավոր միացություններով, և այս ամենը հարկվեր գործող ամենացածր դրույքաչափով, ապա միայն 2010 թ. այս մասով պետական բյուջե կմուտքագրվեր առնվազն 10 մլրդ դրամ գումար, այսինքն՝ ավելի շատ, քան Հայաստանում հավաքագրված բոլոր բնապահպանական և բնօգտագործման վճարները միասին վերցված (մթնոլորտային օդի մեքենաներից և գործարաններից աղտոտում, ջրերի աղտոտում, թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրում և ներմուծում, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների օգտագործում, պինդ օգտակար հանածոների, աղի և ստորգետնյա հանքային ջրերի օգտագործում):

Կարծես հասկանալով, որ վաղ թե ուշ հասարակությունը և մասնագետները միևնույն է՝ այս հարցը բարձրացնելու են՝ ընդերքի նոր օրենսգրքով լեռնարդյունաբերության թափոնները փոխարինվել են ոչինչ չասող «Լցակույտեր» բառով՝ «չկա թափոն-չկա թափոնի տեղադրման համար վճար» սկզբունքով:

Սակայն սա միայն հանքարդյունաբերության արտոնյալ կարգավիճակի առաջին բաղադրիչն է: 1998թ. դեկտեմբերի 30-ին ընդունվեց «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» ՀՀ կառավարության թիվ 864 Ն որոշումը, որով դրույքաչափեր սահմանվեցին բնական ռեսուրսների օգտագործման համար՝ մասնավորապես ազնիվ և գունավոր մետաղների համար:

Հաշվի առնելով, որ այն ժամանակ հիմնական հանքարդյունաբերական ձեռնարկությունները պետության սեփականությունն էին, և սահմանված վճարները պետության մեկ գրպանից մյուս գրպանը տեղափոխվող գումարներ էին՝ վերոհիշյալ մետաղների համար սահմանվեց աշխարհում գոյություն ունեցող նվազագույն վճարներից մեկը՝ շուկայական գնի 1-1.5 %-ի չափով:

Համեմատելով այս չափը մետաղական հանածոներով հարուստ երկրների հետ՝ կարող ենք տեսնել, որ Հայաստանը այս առումով զիջում է սկզբունքորեն բոլորին: Օրինակ՝ Ռուսաստանում այն կազմում է 3.8-8.3 %, Կանադայում՝ 10-16 %: Չիլիում, որը պղնձի արդյունահանման առաջատարներից մեկն է, պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող ռեսուրսի շահագործման համար տնտեսվարողները բնօգտագործման վճարի տեսքով վճարում են 5-14 %, Կոլումբիայում՝ 4-6 %, Հարավային Աֆրիկայում՝ 10 %, Ավստրալիայում՝ մինչև 4.5 %:

Ներկայում գործող բնօգատագործման և բնապահպանական վճարների համակարգի կատարելագործման ճանապարհով գնալու փոխարեն, ներկայացված օրենսգրքի նախագծով ընդհանրապես հանվել են մետաղական հանածոների համար վճարվող բնօգատագործման վճարները, որոնք փոխարինվելու են «ռոյալթիով»՝ հասույթի հիման վրա հաշվարկվող վճարատեսակով:

Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, ռոյալթիի կիրառումը արդյունավետ է միայն այն դեպքերում, երբ պետությունը կամ պետական մասնաբաժնով ձեռնարկություններն են հանքերի շահագործողը: Մնացած դեպքերում բնօգտագործման վճարի կիրառումը բոլոր առումներով առավել նպատակահարմար է համարվում:

Բազմաթիվ երկրներում բնօգտագործման վճարը կիրառվում է ռոյալթիի հետ մեկտեղ, որտեղ բնօգատագործման վճարը համարվում է պետության բացառիկ սեփականություն համարվող ռեսուրսի օգտագործման վճար, իսկ ռոյալթին՝ գերշահույթներ ապահովող ոլորտից վճարվող լրացուցիչ հարկատեսակ:

Ներկայացված նոր ընդերքի օրենսգրքի նախագծում նշված է, որ ռոյալթիի հաշվարկման բազան՝ հանքաքար, խտանյութ, ձուլվածք կամ վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքն է, որը առաջին հերթին ենթադրում է, որ հանքարդյունաբերողը կվճարի իրեն հարմար այս չորս տարբերակից մեկով, և երկրորդը՝ այն իրականում խթանում է, որ հանքարդյունահանողները վաճառեն առաջին փուլի արտադրանքը՝ հանքարարը, հարկման ցածր բազա ունենալու համար, այսինքն՝ խթանում է ռեսուրսային մոտեցումը և ոչ վերջնական արտադրանքը, քանի որ վերջինիս հարկման բազան ավելի մեծ է ստացվում՝ ի հակակշիռ միջազգային փորձի, որտեղ, օրինակ, եթե հանքարդյունաբերողը վաճառում է խտանյութը հանքաքարի փոխարեն, ապա բնօգտագործման վճարից կատարվում է 20 % զեղչ:

Նոր օրենսգրքի նախագծով շահութաբերության համար նախատեսված 25 % նորման հիմնավորված չէ: Ցավալի է փաստել, սակայն, ըստ նոր օրենսգրքի նախագծի՝ եթե երկու հանքարդունաբերողներ արդյունահանում են միևնույն քանակի բնական ռեսուրս, որոնցից մեկը, անգրագետ կառավարման կամ հարկերից խուսափելու պատճառով, օրինակ, ստանում է նվազագույն հաշվարկման բազա, իսկ մյուսը՝ վերամշակման, արդյունավետ կառավարման և այլ գործոնների հետևանքով, ավելի բարձր բազա, ապա նույն ծավալի ռեսուրսի համար առաջինը վճարում է ավելի ցածր գին՝ ազդելով նաև մրցակցության վրա:

Նախագիծը ունի նաև կոնցեպտուալ խնդիր: Եթե բնօգտագործման վճարը տնտեսական խթանման միջոց է և ազդելով հանքարդյունաբերողի վարքի վրա՝ ստիպում է նրան առավել արդյունավետ արդյունահանել մետաղական հանածոն (ավելի քիչ բնօգտագործման վճար վճարելու համար), ապա նոր նախագծով շրջակա միջավայրի կառավարման այս տնտեսական մեխանիզմը դուրս է գալիս, և գործում է միայն ֆինանսական մեխանիզմը, այսինքն՝ էական չէ, թե ինչքան բնական ռեսուրս ես օգտագործում, էական է ֆինանսական մեխանիզմը:

Օրենսգրքի նախագծով հարկային մարմինների և հանքարդյունաբերողների միջև հարկային բազայի մասին բանակցելու հնարավորությունը իրականում կոռուպցիոն հսկայական ռիսկեր է պարունակում, առավել ևս որ հաջորդ կետով հարկային մարմինների իրավասությունները սահմանափակվում են հաշվարկման բազայի համար պայմանագրերի վրա հիմնվելու անհրաժեշտությամբ:

Սա նշանակում է, որ եթե նույնիսկ պղնձի միջազգային գները գտնվեն 10 000 դոլար/տոննա սահմաններում, եթե տնտեսվարողը, ցանկանալով նվազեցնել իր հարկման բազան, վաճառի ռեսուրսը մի քանի անգամ ցածր գնով, միևնույն է՝ հարկային մարմինները հաշվարկման բազայի համար հիմք կարող են ընդունել միայն պայմանագրերը:

Մի քանի կարևորագույն խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն.

  1. Լեռնամետալուրգիայի թափոնները պետք է դասակարգվեն և մտցվեն հարկման դաշտ՝ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ և լինելով ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գործիք
  2. Ռոյալթիները պետք է ոչ թե փոխարինեն բնօգտագործման վճարներին, այլ լրացնեն. առնվազն առաջիկա տարիների համար այս երկու վճարատեսակները պետք է հանդես գան միասին
  3. Բնօգտագործման վճարների դրույքաչափերը պետք է հիմնված լինեն ռեսուրսների շուկայական գների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ էկոլոգոտնտեսական հաշվարկների հիման վրա
  4. Բնապահպանական վճարների դրույքաչափերը պետք է հիմնված լինեն շրջակա միջավայրին, մարդու առողջությանը հասցված իրական վնասի գնահատման հիման վրա
  5. Հանքանյութը, խտանյութը, ձուլվածքը և բնական ռեսուրսից ստացված վերջնական ապրանքը արտահանվելիս պարտադիր պետք է մաքսազերծվեն, ընդ որում՝ արտադրական ամեն հաջորդ փուլի դեպքում ավելի ցածր դրույքաչափով
  6. Ռոյալթիների հարկման բազայի հիմք ընդունել միջազգային գները և բացառել բանակցությունները հանքարդյունաբերողների և հարկային մարմինների միջև:

Էրիկ Գրիգորյան
«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի համանախագահ