HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասադուլ Գյումրիի թիվ 19 դպրոցում

Երեկ Գյումրիի թիվ 19 դպրոցում արտասովոր իրավիճակ էր. դպրոցի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել ինչպես ծնողները, այնպես էլ աշակերտները: Նրանք Շիրակի մարզպետ Լիդա Նանյանից պահանջում էին անհապաղ իր պաշտոնին վերադարձնել նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանին: "Մեզ բացարձակապես չեն հետաքրքրում մարզպետի խաղերը, թող բարի լինի վերջ դնի իր կազմակերպած ինտրիգներին, չի տեսնում, որ դպրոցը ոտք է առել եւ գնում է, երկրորդ բ դասարանի աշակերտները ուսուցիչ չլինելու պատճառով միասին են դասեր անում, չորս հոգով մի նստարանի վրա նստելով, տղաները, տնօրեն Նարինե Մեսրոպյանի` ոտքը քաշելուն պես, մի տեսակ լկստվել են, ով է այս ամենին պատասխան տալու: Մենք երեխաներին դպրոց ենք բերել Նարինե Մեսրոպյանի խստապահանջ լինելու համար, այլապես կարող էինք մեր տներին ավելի մոտ գտնվող դպրոցներ ուղարկել",- ասում էին ծնողները: Ծնողների դժգոհության պատճառն այն է, որ երեկ նշանակված էր դպրոցի նոր տնօրենի ընտրություններ: Սակայն արդեն երկրորդ անգամ կառավարման խորհրդի անդամներից մեկի չներկայանալու ու քվորում չապահովելու պատճառով այն հետաձգվում է, ինչն էլ դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի կողմնակիցները մեկնաբանում են որպես Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի կողմից բեմադրված սցենար: Նկատենք, որ դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը, ով ՀՅԴ կուսակցության համակիր է, նույնպես առաջադրել է իր թեկնածությունը իր նախկին պաշտոնի համար: Եվ քանի որ նրա կնքած երեք տարվա պայմանագրի ժամկետն անցել էր, մարզպետ Լիդա Նանյանը նրան ազատել էր աշխատանքից` դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելով ու "դրսից"` Գյումրիի թիվ 15 դպրոցից ժամակավոր պաշտոնակատար նշանակելով: Իսկ տնօրենի թափուր պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել երեք հոգի` Նարինե Մեսրոպյանը, Գյումրիի թիվ 32 դպրոցի հայոց լեզի ու գրականության նախկին ուսուցչուհի Նունե Սահրադյանն ու նույն դպրոցի փոխտնօրեն Արմինե Աբրահամյանը: Նարինե Մեսրոպյանի համակիրների ասելով` մարզպետ Լիդա Նանյանն արդեն իսկ պաշտոնը խոստացել է վերջին թեկնածուին, բայց քանի որ կառավարման խորհրդի անդամների մեծ մասը կողմնակից են նախկին տնօրենին, այսինքն` հնարավոր է ձայների մեծամասնությամբ տնօրեն վերընտրվի Նարինե ՄԵսրոպյանը, ուստիև մարզպետն ամեն ինչ անում է` մրցույթը ձախողելու ու կառավարման խորհուրդը լուծարելու համար: Նշենք, որ երեք օր առաջ կառավարման խորհրդի անդամներից մեկը` Վարդուհի Գասպարյանը, ով խորհրդի կազմում ընդգրկվել է որպես մարզպետարանի ներկայացուցիչ, բոյկոտեց ընտրությունները` հայտարարելով, որ կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը նախագահ է ընտրվել օրենքի խախտմամբ. նա տվյալ դպրոցում աշխատելու երեք տարվա աշխատանքային ստաժ չի ունեցել, հետևաբար և իրավունք չուներ զբաղեցնելու իրեն առաջարկված պաշտոնը: Ռուզաննա Մովսիսյանն էլ պարզաբանում էր, որ իր` կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու ժամանակ տվյալ որոշումը ընդունված չի եղել, այն ընդունվել է միայն մեկ տարի հետո, այնպես որ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը վավերացրել է իր` կառավարման խորհրդի նախագահ լինելը, և որևէ խնդիր չկա: Այդուհանդերձ, մարզպետի ներկայացուցիչը պնդում էր իր ասածը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուզաննա Մովսիսյանը դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի մտերիմն է, և հնարավոր է կազմակերպել նրա վերընտրությունը: Այս անգամ մարզպետարանի վերոհիշյալ ներկայացուցիչը չէր ներկայացել ընտրության, որի պատճառով այսուհետ ոչ միայն նոր ընտրություն է հայտարարվելու, այլև, ըստ օրենքի, լուծարվելու է կառավարման խորհուրդը: Նարինե Մեսրոպյանի կողմնակիցներն ու դպրոցի ծնողները դա մեկնաբանում են որպես մարզպետի պաշտպանած թեկածուի համար ճանապարհ բացելու միջոց: Ըստ նրանց`մարզպետն այնպիսի կառավարման խորհուրդ կձևավորի, որը միանգամից կընտրի Արմինե Աբրահամյանին: Այս մտքից վրդովված` ծնողները եկան Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության հանրակրթության բաժնի պետի տեղակալ Համբարձում Ավոյանի մոտ ու բողոք-նամակ հանձնեցին` ուղղված նախարար Սպարտակ Սեյրանյանին: "Հարգելիս, գոնե ձեզ խղճան, Երևանից գալիս, Գյումրի եք հասնում, մրցույթը մեկ ամսով երկարացնելը մեր օգտին չի խոսում, դպրոցի դասերը "պռավալ" են գնում, կարգապահությունը բացակայում է, մի ճար արեք, այլապես մեր երեխաներին համատարած կհանենք այս դպրոցից: Մարզպետը չի ամաչում, սա դպրոց է, էս ինչեր է կազմակերպում",- նախարարության պաշտոնյային բողոքում էին ծնողները: Ի պատասխան`Համաբարձում Ավոյանն ասում էր. "Ինչպես տեսնում եք, նույն պատմությունն արդեն երկրորդ անգամ կրկնվում է, սա կազմակերպված գործ է, թե հիմնավոր պատճառներ ունի, չեմ կարող ասել, իրավունք չունեմ ասելու` ով է մեղավոր, կողմնակի խոսակցությունները եկեք բանի տեղ չդնենք, որովհետև չգիտենք` ինչքանով են ճիշտ": Մեր տեղեկություններով` Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը խիստ բացասական բնութագիր է տվել դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանին, որն էլ վերջինս նախորդ ընտրությունների ժամանակ ամաչել էր կցել գործին: Այս պատմությունը ՀՅԴ Գյումրիի անդամները որակում են որպես հերթական հաշվեհարդար դաշնակցականների դեմ: Հիշեցնենք, որ Լիդա Նանյանը մարզպետ դառնալուն պես պաշտոններից ազատեց Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի նշանակած կադրերին: Մասնավորապես ազատեց հիվանդանոցի ու դպրոցի տնօրեններին, դաշնակցականներից "մաքրեց" դպրոցի կառավարման խորհուրդները: Մարզպետը չխնայեց անգամ Ռոմիկ Մանկուկյանի սանիկին` ՀՅԴ Գյումրիի պատասխանատու Արտակ Ավետիսյանին, ով զբաղեցնում էր թիվ 41 դպրոցի տնօրենի պաշտոնը: Ըստ դաշնակցականների` մարզպետը մինչև օրս հետապնդում է իրենց` ամեն կերպ փորձելով վատություն անել: Օրինակ` հայտարարում է, որ Ռոմիկ Մանուկյանը հեռախոսային պարտքեր է թողել մարզպետարանին, դատախազություն է հանձնել Գյումրիի թիվ 41 դպրոցի նախկին տնօրենի` Արտակ Ավետիսյանի գործերը: Այս թեմայի շուրջ առաջիկայում կփորձենք պարզաբանումներ ստանալ նաև մարզպետ Լիդա Նանյանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter