HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկան կորցրել էր հիշողությունը

Երեկ Հյուսիսային քրեական դատարանում երեք ժամ ուշացումով վերսկսվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում են Լեռնային Ղարբաղի Մատաղիս գյուղի զորամասերից մեկում կատարված սպանության մեջ: Երեկ որպես վկա հրավիրվել էր նախկին զինծառայող Արման Թադևոսյանը, ով, ըստ ամբաստանյալների ծնողների, կարեւոր տեղեկատվություն ունի և տասն անգամ ցուցմունք է տվել այս գործով: Վկան հայտարարեց, որ ոչ մի բան չի հիշում: Նա նույնիսկ հազիվ էր հիշում սպանված զինծառայող Ռոմա Եղիազարյանին, ով, ի դեպ, իր համագյուղացին է: Այս փաստն այնպես զայրացրեց Ռոման Եղիազարյանի հորեղբորը` Արթուր Եղիազարյանին, որ վերջինս ոտքի կանգնելով` ասաց. "Ինչ կա չհիշելու, ա'յ Արման, ինչ-որ տվել ես ցուցմունքներում, էն էլ ասա: Հարգելի դատարան, մի քանի րոպեով ընդհատեք դատը, ես խոսեմ սրա ծնողների հետ",- առաջարկում էր տուժողի իրավահաջորդը: Նրա խնդրանքը մեծ զայրույթ առաջացրեց դահլիճում նստածների մոտ: Ամբաստանյալների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանն առաջարկեց դատաբժշկական փորձաքննություն նշանակել` պարզելու, թե ինչի հետ է կապված հիշողության կորուստը, հիվանդացել է, թե ծառայությունից վեց տարի է անցել, ու ժամանակն է պատճառը: Դատն ընդմիջեցին` ներկաներին դուրս անելով ու դատարան հրավիրելով վկայի ծնողներին: Դուռը մոտ մեկ ժամ կողպված էր: Թե ինչ խոսակցություն է ծավալվել ներսում, այդպես էլ անհայտ մնաց, սակայն դատը վերսկսելուն պես դատարանը որոշեց դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter