HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ոստիկանությունը առաջարկում է ստեղծել հատուկ ուսումնադաստիարակչական հաստատություն

«Ոստիկանությունը` սկսած 2000թ ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումների գործընթացում»,-այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Զեկուցողը ասում է, որ Հայաստանում բացվել են 6 կենտրոն, որոնք կոչվում են վերականգնողական արդարադատության կենտրոններ. «Այս կենտրոնի աշխատակիցները իրավախախտ անչափահասի հետ մեծ աշխատանք են տանում, որպեսզի նա հասկանա, թե իր կատարած խախտումը ինչ վնաս է տվել»: Վերականգնողական կենտրոնը, ըստ բանախոսի, այլընտրանքային ծառայության նոր մոդել է:  2008թ, ինչպես ներկայացրեց Ն. Դանիելյանը, հանցագործությունների 10 տոկոս աճի դեպքում անչափահասների հանցավորության մակարդակը նվազել է. «Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նվազել են 4.8 տոկոսով, իսկ քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թվաքանակը` 23 տոկոսով, 2008թ արձանագրվել է 536 հանցագործության դեպք 282 անչափահասի մասնակցությամբ»: Ոստիկանությունն առաջարկում է 14-18 տարեկան արական սեռի դժվար դաստիարակվող անչափահասների համար Նուբարաշենի հակասոցիալական վարք ունեցող դպրոցի հիման վրա ստեղծել հատուկ ուսումնադաստիարակչական հաստատություն. «Քանի որ հանցագործություն կատարած անչափահասներին շատ հաճախ ծնողները չեն կարողանում ճիշտ ուղու վրա դնել»,-ասում է Ն. Դանիելյանը: Զեկուցողը ներկայացրեց մտահոգություն, թե վերը նշված դպրոցում սովորում են սոցիալապես անապահով երեխաներ. «Երեխաների այս կատեգորիան չպետք է գտնվի այս հաստատությունում»: «Երեխաներին հանցագործ երբեմն կարող են դարձնել նաեւ սերիալները»,- գտնում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը: Նա կարեւորեց ոստիկանների վարկի բարձրացումը. ««Դյադյա Ստյոպաներ»-ի կերպարներ պետք է կարողանանք ունենալ, որպեսզի դաստիարակության վստահությունն ունենանք: Եթե չենք կարող դա անել, գոնե սերիալների «ավտարիտետ» ստեղծող կերպարները մեր երեխաների մոտ հանենք: Չի կարելի: Եկեք միասին փորձենք»: «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի երեխաները մեր մեջ տեսնեն իսկապես երեխաների իրավունքների պաշտպանի»,- ասաց Նելլի Դուրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter