Ներսես Երիցյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հանդիպումը Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության կայքէջը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար` պարոն դեսպանը տեղեկացրել է, որ իր այցի հիմնական նպատակը տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամկետների և օրակարգի ճշգրտումն է (Ն. Երիցյանը հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է): Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել 2009 թ. մարտի 2-4-ը` Մինսկում:
Աղբյուրի փոխանցմամբ`դեսպան Սուխորենկոն առաջարկել է նաև նախարար Երիցյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության` Բելառուսի մայրաքաղաք կատարելիք այցի օրակարգում ներառել շրջայց տեղի արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության այլ ոլորտների խոշոր արտադրամասեր` աշխատանքային գործընթացին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ Բելառուսի խոշոր հայ գործարարների և բելառուսահայության հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել