«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամրապնդում է կապերն իրանահայ համայնքի հետ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, Թեհրանի հայկական խորհրդի անդամների եւ նախագահ Աիդա Ավանեսյանի, ինչպես նաեւ «Արարատ» մարզավանի եւ »«Ալիք» օրաթերթի ղեկավարների հետ:
Ձեռք են բերվել մի շարք նախնական համաձայնություններ: Հաշվի առնելով, որ Իրանում գործում են երեք հայկական խորհուրդներ` քննարկվել է նաեւ բոլորի կողմից միասնական մոտեցմամբ հանդես գալու անհրաժեշտության հարցը: Արա Վարդանյանը նախատեսում է հաջորդ այցելության շրջանակներում հանդիպումներ ունենալ նաեւ Թավրիզի եւ Սպահանի հայ համայնքների հետ:
«Հատկանշական է, որ պաշտոնական այցելությունների նախատեսվող շարքում առաջինն Իրանն էր, քանի որ մեր կողմից վաղուց կար մեծ ցանկություն ամրապնդելու եւ ընդլայնելու կապերն իրանահայ համայնքի հետ: Հիմնադրամի ստեղծումից ի վեր իրանահայությունը մշտապես կանգնած է եղել համահայկական այս հզոր կառույցի կողքին: Դրա ամենաթարմ օրինակը վերջերս Շվանիձոր, Ալվանք եւ Նռնաձոր գյուղերում իրականացված արտաքին լուսավորության եւ ջրատարի կառուցման ծրագրերն են: Համոզված եմ, որ իրանահայ համայնքի լիարժեք ներգրավումը Հիմնադրամի աշխարհասփյուռ ցանցի մեջ` կնպաստի մեր ընդհանուր ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը»,- այցի առնչությամբ իր կարծքին է հայտնել Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել