HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերը եւ վրացիները դժգոհում են սահմանային արգելքներից

Նաիրա Բուլղադարյան, Մարիկա Ցիկորիձե

Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող գյուղերի բնակիչները դժգոհում են, որ գործող նոր սահմանափակումները սարսափելի բարդացնում են իրենց կյանքը

Հայաստանում եւ Վրաստանում գտնվող Ձյունաշող եւ Իրգանչայ գյուղերը, որոնք ընդամենը 3 կմ հեռավորության վրա են գտնվում իրարից, առեւտրի ավանդույթներ ունեն: Ձյունաշողի բնակիչներն իրենց մսամթերքը, չոր խոտի կապերը եւ կաթնամթերքը փոխանակում էին Իրգանչայի մրգերով, բանջարեղենով եւ ալյուրով:

Սակայն գյուղերի միջեւ շարունակվող առեւտրին մեծ հարված հասցրեցին մաքսանենգության դեմ ուղղված նոր օրենքները. այսուհետ գյուղացիները ստիպված կլինեն 200կմ անցնել՝ իրենց հարեւաններին տեսնելու համար: 16 տարի առաջ անկախություն ձեռք բերած Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները սկսեցին ամրապնդել երկու գյուղերի միջեւ անցնող իրենց սահմանները մոտավորապես 18 ամիս առաջ: Իշխանությունների հավաստմամբ՝ սահմանային խիստ հսկողությունն ազգային անվտանգություն պարտադիր պայմաններից մեկն է: Սակայն արդյունքում տուժել են այս երկու սահմանային գյուղերի բնակիչները:

«Պատկերացնու՞մ եք, այժմ պիտի 100 կմ անցնեմ, նախկին 3կմ-ի փոխարեն»,-ասում է 54-ամյա Ձյունաշողցի Սաշիկ Գրիգորյանը: «Վերեւում կարծում էին, թե այստեղ մեծ փողեր են պտտվում, իրականում ընդամենը մի քանի արկղ մրգի մասին է խոսքը»: Արդեն երկու տարի է, ինչ Գրիգորյանների ընտանիքը այլեւս կարտոֆիլ չի ցանում. առեւտուր չկա: «Մենք նրանց վաճառում էինք միրգ, պանիր, կարագ, բուրդ, կարտոֆիլ»,-հիշում է Սաշիկի կինը՝ Անգինը: Նրա ասածը հաստատում է Իրգանչայցի Սելիմ Օսմունովը, որի տունն այնքան մոտ է վրացական սահմանին, բայց եւ միեւնույն ժամանակ՝ այլեւս անհասանելի ձյունաշողցիների համար: «Մենք նրանց բերում էինք միրգ, բանջարեղեն, ալյուր, նույնիսկ հագուստ եւ այլ ապրանքներ»,-հիշում է Ս. Օսումովը: «Ճանապարհները շատ վատ են, ջուր չկա, իսկ Հայաստանի հետ սահմանն էլ շատ մոտ է: Աստված մեզ համբերություն տա՝ դիմանանք այս կյանքին, այլապես մեր գյուղն աստիճանաբար կամայանա: Իրգանչայում ապրելն իսկական փորձություն է: Պատահական չեն ասում, որ Վրաստանը սկսվում եւ վերջանում է Իրգանչայով: Մենք այս երկրի պահապաններն ենք, քանի որ անմիջապես սահմանի վրա ենք ապրում»: Իշխանությունները կարեկցում են գյուղացիներին, սակայն նշում, որ երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ արդեն երեք պաշտոնական անցագրային կետեր կան: Երկու գյուղերի միջեւ ընկած հատվածը կանաչ տարածք է համարվում, հետեւաբար, այնտեղ անհնար է մշտական անցագրային կետերի կառուցումը: «Սահմանազատման գործընթացը պարտադիր միջպետականգործունեություն է, որն ուղղված է պետության ավտանգության պահպանմանը: Դա արվում է ցանկացած երկրում՝ անկախ նրանից, թե հարեւան երկիրը բարեկամ է, թե հակամարտող»,-ասում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը: «Գյուղացիներն էլի կարող են շփվել, առեւտուր անել հարեւանների հետ, բայց պետական սահմանը օրինական կերպով հատելով»: Այնուամենայնիվ, Իրգանչայցիների խոսքերով՝ Վրաստանի այլ շրջաններին իրենց կապող ճանապարհներն այնքան վատ վիճակում են, որ տարվա մեծ մասն իրենք համարյա կտրված են արտաքին աշխարհից: «Ձմռանը մեր գյուղն ամբողջությամբ մեկուսացված է Վրաստանից: Շրջկենտրոն տանող միակ ճանապարհը քանդված է: Նախկինում Թբիլիսի էինք հասնում Հայաստանի տարածքով, այդպես ավելի արագ էր: Իսկ այժմ նույնիսկ չենք էլ կարող այնտեղ մտնել»,-դժգոհում է 20-ամյա փորձ ունեցող անասնաբույժ Յակիր Խալիդովը, ով ժամանակին երկու գյուղերի բնակիչներին էր օգնում: Անասունները միակը չեն, որ տուժել են սահմանազատման գործընթացի հետեւանքով: Սահմանային խիստ օրենքները վնաս են հասցրել նաեւ շրջանի գյուղատնտեսությանը: «Մեր անասունները սովոր էին գնալ այնտեղի արոտավայրերը: Իսկ հիմա, եթե մեր կովերը պատահաբար հայտնվում են սահմանի մյուս կողմում, հայ սահմանապահները ձերբակալում են նրանց ու այլեւս չեն վերադարձնում»,-ասում է Խալիդովի հարեւաններից մեկը՝ իրգանչայցի Սաֆիր Վալիեւը: «Քաղցած կենդանիները գնում են այնտեղ, որտեղ սնունդ կա: Կովն ի՞նչ իմանա, թե որտեղ է սահմանը սկսվում»: Հայաստանյան կողմը հերքում է անասուններին ձերբակալելու մեղադրանքը: Պաշտոնական տվյալներով Իրգանչայից` Ձյունաշողում կորած անասունի մասին որևէ հաղորդագրություն չկա: Ձյունաշողում եւս այսպիսի խնդիրներ ունեն: Խոտքաղի ժամանակ նրանք զգում են հարեւնների օգնության կարիքը: «Խոտքաղի ժամանակ գյուղում շատ իրգանչայցիներ էին լինում»,-ասում է Բորիկ Ղեւոնդյանը: Վրացական սահմանի գյուղի բնակիչները օգնում էին հայ գյուղացիներին խոտքաղի ժամանակ՝ աշխատանքի դիմաց ստանալով բերքի կեսը: Այժմ ձյունաշողցի Բորիկը ստիպված է մեն-մենակ հնձել 9 հա տարածությամբ դաշտը՝ վճարելով տրակտորի եւ վառելիքի ծախսերը, որպեսզի կարողանա ժամանակին գործը վերջացնել: Բացի այդ, իրգանչայցիները 300 դոլար են պարտք Բորիկ Ղեւոնդյանին, եւ վերջինս չգիտի՝ ինչպես իր փողերը վերադարձնել: «Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես եմ պարտք տված գումարս ետ վերցնելու»,-ասում է նա: Ձյունաշողի գյուղապետի խոսքերով՝ ավելի ու ավելի հաճախ են մարդիկ թողնում իրենց տներն այստեղ՝ հեռանալով Հայաստանի այլ շրջաններն ավելի լավ կյանքի ակնկալիքով: Մինչեւ 2005թ.-ը, նախքան առեւտրի կրճատվելը, գյուղում 91 ագարակային տնտեսություն եւ 285 ընտանիք կար: Վերջին երեք տարիների ընթացքում տնտեսությունների թիվը կրճատվեց 16-ով, իսկ 48 մարդ ընդհանրապես հեռացավ գյուղից: Խաչիկ Վարդանյանը՝  Ձյունաշողի հայտնի առեւտրականներից մեկը, կորցրել է  կապն Իրգանչայում ապրող իր գործընկերների հետ: Նա տարեկան 10-15 տոննա կարտոֆիլի բերք էր ունենում, որը հետո փոխանակում էր ալյուրի, ցորենի եւ վարսակի հետ: «Ես տեղեկացնում էի Իրգանչայում ապրող հարեւաններիս ինձ անհրաժեշտ մթերքների մասին, եւ նրանք բերում էին ամեն ինչ ցածր գներով»,-ասում է նա: Ձյունաշողցիները նույնիսկ վրացական բջջային օպերատորների ծառայություններից էին օգտվում՝ իրենց հարեւնների հետ ավելի էժան հաղորդակցվելու նպատակով: Խաչիկը շարունակում է զանգել իր հարեւաններին, բայց նա այլեւս չի կարող պատվերներ ընդունել կամ ուղարկել. «Չեմ ուզում մաքսանենգությամբ զբաղվել»:

Հեղինակներ` Նաիրա Բուլղադարյան, ով «Արմենիանաու» (Armenianow) պարբերականի թղթակիցն է Վանաձորում և Մարիկա Ցիկորիձե` ով «Թայմեր» (Timer) թերթի լրագրող է: «Թայմեր»  թերթը լույս է տեսնում IWPR-ի աջակցությամբ, Վրաստանի Քվեմո -քարթլի շրջանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից www.iwpr.net (Կովկասյան Լրատու # 478, 30-ը հունվարի, 2009թ.)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter