HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը՝ կրպակների ապամոնտաժման մասին

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանանքները: Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում գույքագրվում և ուսումնասիրվում են Երևան քաղաքի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված տաղավարների, կրպակների և ժամանակավոր այլ շինությունների թվաքանակի կրճատման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության և օրինականության հարցերը, կատարվում են փուլային ապամոնտաժման աշխատանքներ, որոնց նպատակն է մայրաքաղաքն ազատել տարերայնորեն տեղադրված, ճարտարապետական տեսքն աղավաղող ժամանակավոր շինություններից:

Սկզբնական փուլում ապամոնտաժվել են չգործող ժամանակավոր շինությունները: Այժմ քննարկվում է Երևանի կենտրոնական՝ հատկապես մայրաքաղաք մուտք գործող և դեպի «փոքր կենտրոն» ձգվող փողոցներում և պողոտաներում տեղակայված ժամանակավոր այն շինությունների տեղակայման հարցը, որոնք չունեն իրավական հիմքեր, կամ վարձակալության ժամկետներն ավարտվել են: Վարձակալության ժամկետները չլրացած վարձակալության պայմանագրերի դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնել հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմը և այն չկիրառողներին ենթարկել վարչական պատասխանատվության:

Ստորգետնյա անցումների բարեկարգման ծրագրի մասով քաղաքապետը նշել է, որ առաջիկայում հայտարարվող մրցույթներով հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները, համաձայն որոնց՝ տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter