HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երազգավորսում ապրողները հարկ են վճարում Բայանդուրին

yeranԾնունդով երազգավորսցի Յուրա Մուշեղյանը 7 տարի առաջ Գյումրիից որոշեց տեղափոխվել հայրենի Երազգավորս գյուղ: Հարմար գնով տուն ճարվեց գյուղի սկզբնամասում: Հարմարվեցին նաեւ այն մտքի հետ, որ տունը բավական մոտ է մայրուղուն: Սակայն խնդիրն այս ընտանիքի համար այլ է ու գրեթե անլուծելի: Փաստացի ապրելով Երազգավորսում` Մուշեղյանների ընտանիքը հարկատու է հարեւան Բայանդուր գյուղի համայնքապետին, Երազգավորսի համայնքապետարանն իրենցից գանձում է միայն էներգիայի ու ջրի վարձը:

Սակայն Յուրայի կինը` տիկին Կարինեն, առավել վրդովված է ոչ թե այդ իրողությունից, այլ իր ընտանիքին բաժին հասած մեկ այլ անարդարությունից: Տունը, որ գնել են իրենք, գտնվում է Բայանդուր գյուղի հաշվեկշռում, ինչպես նաեւ տանը կից 1000 մետր հողատարածքը, միայն թե այն, տիկին Կարինեի բառերով, բռնազավթել է երազգավորսցի մի բնակիչ, շրջափակել փշալարով ու մատնել պարապուրդի: Իրենք դիմել են Երազգավորսի համայնքապետին, որպեսզի տարածքն իրենց հատկացվի վարձակալությամբ, սակայն մերժում են ստացել: Երազգավորսի համայնքապետը պատճառաբանել է, որ Մուշեղյանները փաստաթղթերով բայանդուրցի են: «Էդ ինչըխ էղավ, որ տան համար հարկ ու տուրքը Բայանդուրի համայնքապետին կրնանք տանք, էդ 1000 մետրինը` չէ: Կամ` ինչխ եղավ, որ հերթը մեզի հասավ, հողը դառավ Երազգավորսինը»,- տարակուսում է տիկին Կարինեն: Բայանդուրի համայնքապետ Հովհաննես Սարգսյանից տեղեկացանք, որ եւս 25 ընտանիք, ապրելով Երազգավորսում, հարկատու են Բայանդուրի համայնքապետարանին: Հովհաննես Սարգսյանը 2007 թ.-ին է ընտրվել Բայանդուրի համայնքապետ: Նախկին ղեկավարից բավական պարտքեր էր ժառանգել եւ մի ցուցակ: «Էդ ցուցակում էն մարդկանց անուններն էին, ովքեր փաստացի բնակվում են Երազգավորսում, սակայն հարկատու են Բայանդուրին,- պարզաբանում է Բայանդուրի գյուղապետը,- դե, ես էլ ընտրվելուց հետո պարզեցի, որ անցած տարիներին այդ մարդիկ ահագին պարտք են կուտակել հողերի վարձակալության դիմաց ու, որպես բարեխիղճ համայնքապետ, գնացի Երազգավորս` պարտքերս հավաքելու»: Հենց այդ ժամանակ էլ Հովհաննես Սարգսյանը պարզել է, որ 70 հա հողատարածքը, որ 2004 թ.-ից համարվում էր Բայանդուրի համայնքային սեփականությունը, այլեւս իրենցը չէ, այլ կառավարության 2005 թ. որոշումով անհատույց տրամադրվել է Երազգավորսին: «Դե հիմի պատկերացրեք իմ վիճակը, երբ ասում եմ` էսինչյան էսինչ, դու էսքան տարի հարկ ու տուրք չես մուծել Բայանդուրի համայնքապետարան, ինչ էս մտածում, էդ մարդն էլ, որ երազգավորսցի է, ինձ պատասխանում է, թե կարողա լուսնի վրա էս ապրում, չգիտես, որ էս հողերն էլ ձերը չեն»: Ինչպես է պատահել, որ նորընտիր համայնքապետն այդքան կարեւոր որոշման մասին իմացել է պատահականորեն: Բայանդուրի նախկին համայնքապետ Մուրադ Արզումանյանը հարկ չի համարել տեղեկացնել Հովհաննես Սարգսյանին այդ մասին: Թե ինչու` գործող համայնքապետը դժվարացավ պատասխանել: Միայն կարծիք հայտնեց, որ նախկինում հարկահանության հետ կապված խնդիրներ չեն ծագել, որովհետեւ Բայանդուրի նախկին եւ Երազգավորսի ներկայիս համայնքապետերը մտերիմներ են եղել: Այսինքն` ո'չ պայմանագրեր են կնքվել, ո'չ էլ, բնականաբար, հարկ է հավաքվել: Բայանդուրի գործող համայնքապետը մտադիր չէ հաշտվել հողերի կորստի հետ: «Եթե կառավարությունն այդպիսի որոշում է կայացնում, գոնե փոխհատուցեր մեր կորուստը Բայանդուրին տրվող դոտացիան ավելացնելով,- առաջարկում է Բայանդուրի գյուղապետը,-ես նամակով դիմել եմ երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակ, բայց ոչ մի տեղից պատասխան չեմ ստացել: Ես համարում եմ, որ Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը` սեփականության անձեռնմխելիությանը վերաբերող դրույթն է խախտվել կառավարության 2005 թ. որոշումով»: Խնդրին, բնականաբար, տեղյակ են Շիրակի մարզպետարանում: Երկու համայնքապետերին կանչել են մարզպետարանի տարածքային բաժին ու հասկացրել, որ գնան իրար մեջ լուծեն խնդիրը: Բայանդուրի համայնքապետն ավագանու նիստ է հրավիրել եւ որոշում կայացրել, որպեսզի 4 հա արոտավայրը վերադարձվի Բայանդուրին, իսկ Երազգավորսում ապրող եւ Բայանդուրին հարկատու ընտանիքներն իրենց տնամերձի դիմաց վճարումները կատարեն Երազգավորսի համայնքապետարան: Ինչպես եւ կանխատեսել էր Բայանդուրի համայնքապետը, Երազգավորսի ավագանին մերժել էր առաջարկը: «Իմ կարծիքով` ձեռնտու առաջարկ էր,-կարծիք է հայտնում Բայանդուրի համայնքապետը,- բայց երազգավորսցիները չուզեցին»: Երազգավորսի գյուղապետն էլ դժգոհում է, որ ստեղծված տհաճ քաշքշուկային վիճակը չի թողնում, որպեսզի ինքն իրենց հանձնված հողերի համար մրցույթ հայտարարի, ու դրանք պարապուրդի մեջ են: Երազգավորս գյուղի համայնքապետ Արտաշես Մխիթարյանը կառավարության այս որոշումը բացատրում է իրենց գյուղի սակավահողությամբ: 1980-ականներին, երբ կառուցվում էր Ախուրյանի ջրամբարը, հին Երազգավորսի ողջ տարածքը մնաց ջրի տակ: Նորը կառուցելու համար պետությունը հողատարածքներ վերցրեց Բայանդուրից: Երազգավորսը Բայանդուրի համեմատ, իրոք, սակավահող է, ընդամենը 255 հա մշակովի հողատարածք ունի: Իսկ ինչ վերաբերում է վիճելի 70 հա-ին, ապա այն պահուստային ֆոնդի հող էր, որ երկու գյուղերի գյուղացիներն էլ օգտագործում էին ապօրինի: Փաստ, որ հաստատեցին եւ' երազգավորսցիները, եւ' բայանդուրցիները: Երազգավորսի համայնքապետ Արտաշես Մխիթարյանը զարմացած է Բայանդուրի համայնքապետի գրեթե թշնամական պահվածքից. «Ախր անտեղի էլ բողոքում է,- ուսերն է թոթվում Երազգավորսի համայնքապետը,- ուր ասես` չի գրել, ամոթել է: Էն ժամանակ, որ էս որոշումը կայացնում էին, ճիշտն ասած` ես ուզեցի դեմ արտահայտվել, որ գյուղերի միջեւ թշնամություն չլինի հետագայում, բայց էն ժամանակվա Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարության որոշումն է ու բեկանման ենթակա չէ: Իրա բառերն եմ կրկնում, ասեց` «ես լավ գիտեմ, թե` դուք»»: Վիճելի հողերի հետ Երազգավորսին է անցել նաեւ Բայանդուր գյուղի գերեզմանոցը: Նույն տարածքում թաղումներ են անում երկու գյուղի բնակիչներն էլ: Հիմա բայանդուրցիները դժգոհում են, որ երազգավորսցիները մեծ տարածքներ են գրավում թաղումների նպատակով: Երազգավորսցիներն էլ կատակում են, թե իրենք մեղավոր չեն, որ երազգավորսցիք ավելի շատ են մեռնում, քան բայանդուրցիք: Բայանդուրցիները մտահոգություն ունեն, որ վաղը-մյուս օրը երազգավորսցիներն էլ իրենց չեն թողնի հուղարկավորություն կատարել: Այսքանից հետո էլ երազգավորսցիները բայանդուրցիներին անվանում են աչքածակ: Հողերի վարձակալության դիմաց երազգավորսցիները մոտ 2,5 մլն դրամ նախկին պարտք ունեն Բայանդուրին ու հրաժարվում են վճարել: Բայանդուրի համայնքապետը ստեղծված իրավիճակը համարում է անգործության եւ ՏԻՄ օրենքները չիմանալու հետեւանք: Ինչպես կարելի է մեկին մի թիզ հող տալ ու պայմանագիր չկնքել. «Բայանդուրի նախկին համայնքապետի ոչ ճիշտ աշխատաոճի հետեւանքն է սա,- ասում է Հովհաննես Սարգսյանը,- մի հատ ցուցակ է թողել, որտեղ նշված են անուններ, վարձակալած հողաբաժնի չափը ու ոչ մի պայմանագիր, որը հիմք կտար ինձ պարտքերը գանձելու»: Հովհաննես Սարգսյանը համարում է, որ կառավարության այս որոշումով ինքը չի կարող կատարել համայնքապետի իր ամենակարեւոր պարտականություններից մեկը` ապահովել համայնքի եկամուտը: «Ինձ աշխատելու տեղ չեն թողնում, դրա համար էլ հողահարկի հավաքագրումը Բայանդուրում 50,6 % է: Դե արի ու աշխատի, վաղը-մյուս օրն էլ պիտի ասեն` համայնքապետը վատ է աշխատում, եկեք անվստահություն հայտնենք»: Կարծիք կա, որ հնարավոր է հարցը լուծվի համայնքների խոշորացման ճանապարհով: Երազգավորսի համայնքապետին սա չի անհանգստացնում, որովհետեւ Բայանդուրն է միանալու Երազգավորսին, ոչ թե հակառակը: Իսկ Բայանդուրի համայնքապետն էլ ավելի շուտ պատրաստ է միանալ Թուրքիային, որ ջրամբարն էն կողմ է: Այս գյուղերի միջեւ հեռավորությունն ընդամենը մեկ կիլոմետր է, սակայն հարաբերությունները բարի դրացիականից վերածվել են թշնամականի: Վերջաբանի փախարեն Զրույցի ժամանակ երազգավորսցիները հիշեցին տարիներ առաջ Ազատան եւ Գյումրի համայնքների միջեւ ծագած հողային վեճի մասին: Ազատանի համայնքապետը դիմել էր կառավարությանը, որպեսզի օդանավակայանի տարածքը վերցնեն Գյումրիից ու վերադարձնեն իրենց, քանի որ այն կառուցելու համար խորհրդային տարիներին բավական մեծ տարածք վերցվել է Ազատան համայնքից: Տեղեկանալով ազատանցիների պահանջին` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մատը տնկել էր օդի մեջ ու քմծիծաղ տվել. «Հըլը խելքի աշեք, ժողովուրդ, ազատանցիք աէրոպորտը գուզեն ու վաղը մյուս օրն էլ երեւի պահաջեն, որ կոչվի Ազատանի օդանավակայան, խնդալու բան»: Ապագան ցույց տվեց, որ Գյումրու քաղաքապետն ավելի իրատես էր, քան ազատանցիք` իրենց պահաջով: Բաց սա արդեն ուրիշ պատմություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter