HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի` ASALA-ի հայտարարությունը

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մակքուարի համալսարանի դասախոս, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանի և նրա ստանձնած գործունեության` «Նեմեսիս»-ի և ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելու կապակցությամբ «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպությունը երեկ տարածել է հետևյալ հայտարարությունը. «Քարոզչական կեղտոտ հնարքների ձեռագրով քաղաքական որոշակի հարցեր լուծելու արատավոր ու դատապարտելի հանցագործություն է սա: Հայտնի է, որ «Նեմեսիսը» իրականացրեց մարդկության և հայության դեմ հանցագործություն ծրագրած ու իրականացրած երիտթուրքական կառավարության ղեկավար կազմի մահապատիժը: ԱՍԱԼԱ-ն փորձեց հնարավորինս կանխարգելել ու պատրաստվել դիմակայության գերտերությունների որդեգրած այն քաղաքականության, որը նպատակ ուներ մարդկության և հայության դեմ իրականացված 20-րդ դարի առաջին հանցագործությունը` ցեղասպանությունը, ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության միջոցով մոռացության մատնելու, անպատժելիության միջազգային մտայնություն ստեղծելու, ըստ այդմ` հանցագործներին հովանավորելու ու նոր ցեղասպանություններ հրահրելու: Մեր նպատակը չէ հիմա պատասխանել հակահայկական ստի ու կեղծիքի նոր քարոզարշավին: Վստահ ենք, որ դա լավագույն ձևով կանեն մեր մտավորականներն ու լրագրողները: Մեր նպատակն է ուշադրություն հրավիրել ուրվագծվող նոր սադրանքի մյուս հիմնական հատկանիշներին: Այս պատվերը կեղծարարություն է: Հանցագործին արդարացնելու, հանցագործին իբր անմեղ զոհ, իսկ արդարադատություն իրագործողին հանցագործ ներկայացնելու լկտի փորձ: Զուգահեռ թե' պատվիրատուն, թե' Կաքավյանը կատարում են ոչ պակաս ծանր հանցագործություն` քարոզչություն հոգուտ ցեղասպանության և դա անում են մի յուրօրինակ ինքնավստահությամբ, որը թերևս պայմանավորված է պատվիրատուի չբացահայտվելու և արևմտյան արդարադատությունից պաշտպանված լինելու մտայնությամբ: Մարդկության դեմ կատարված հանցագործությունը, սակայն, վաղեմության ժամկետ չունի. պատասխանատվության ենթակա են բոլորը` ծրագրողը, իրականացնողը, քարոզչություն կատարողը, նաև նրանք, որոնք առ այսօր, սերունդ առ սերունդ, օգտվում են իրենց նախորդների իրականացրած ոճրագործության արյունալի ավարից ու թալանից: Խորհելու և անելու շատ բան ունի արևմտյան ժողովրդավարությունը, մասնավորապես մարդկության դեմ ծրագրվող նոր հանցագործությունները կանխարգելելու, արդեն իրականացվածն էլ պատժելու և հետևանքները վերացնելու միջոցով` աշխարհը խաղաղ համակեցության ու քաղաքակրթական` ստեղծագործ զարգացման տանելու անբեկանելի ճանապարհին: Հայոց արդարադատությունը կարող է Կաքավյանի կյանքը երաշխավորել, եթե ինքը հրապարակավ հրաժարվի պատվերից, ներողություն խնդրի 1915-23թթ. ցեղասպանության զոհերից ու առ այսօր աշխարհով մեկ սփռված նրանց հայրենազուրկ սերունդներից, եթե դիմի իրավապահ մարմիններին` հայտնելու իրեն հանցագործության դրդող պատվիրատուի անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter