HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնասիրվել է դեղերի հիմնական 23 շուկաները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է դեղերի շրջանառության ոլորտի շուկաների կառուցվածքը, ինչն ընդգրկել է դեղերի արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը, ներմուծումը, արտահանումը, բաշխումը եւ վաճառքը: Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամլո ծառայությունը: Առանձնացվել եւ ուսումնասիրվել է ոլորտի 23 ապրանքային շուկա, որոնց ուսումնասիրությունն իրականացվել է  2008 թ. առաջին 9 ամիսների տվյալների հիման վրա: Համաձայն ուսումնասիրության` Հայաստանում դեղերի արտադրության լիցենզիա ունի 17 տնտեսվարող սուբյեկտ, իսկ առեւտրային իրացման համար դեղեր են ներկրել 67 տնտեսվարողներ: Ընկերություններից 7-ը դեղեր ներկրել են բարեգործական եւ հումանիտար օգնությունների նպատակով: Ըստ տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության` Հայաստանում առանձնացված 23 շուկաներում 2008 թ. առաջին 9 ամիսների ընթացքում արտադրվել է 897 431 հազար դրամի եւ իրացվել 9 մլն 213 029 հազար դրամի դեղորայք: Նույն ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել 5 մլն 695 681 հազար դրամի եւ արտահանվել 645 825 հազար դրամի դեղորայք: Բարեգործական եւ հումանիտար օգնությունների նպատակով հանրապետություն է ներկրվել 726 840 հազար դրամի դեղորայք, որն ընդհանուր ներկրման ծավալում կազմում է 12,8 տոկոս: Ներկրված դեղորայքի ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն հակավարակային դեղերը` 18,53 տոկոս եւ սիրտանոթային դեղերը` 13,08 տոկոս: Դեղորայքի տեղական արտադրությունում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն ջրաաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթները` 31,26 տոկոս եւ վիտամիններն ու հանքանյութերը` 28,54 տոկոս: Արտահանման ծավալներում նույնպես առավել մեծ տեսակարար կշիռ ունեն ջրաաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթները` 35,63 տոկոս եւ վիտամիններն ու հանքանյութերը` 25,08 տոկոս: Ուսումնասիրվող ժամանակահատվածի տվյալներով` Հայաստանի տարածքում իրացված դեղորայքի 19,11 տոկոսը հակավարակային դեղեր են, իսկ 12,46 տոկոսը` սիրտանոթային: Դեղերի շրջանառության ոլորտում առանձնացված 23 շուկաներն են. • «Անզգայացնող դեղեր» • «Ակնաբուժական դեղեր» • «Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր» • «Սիրտանոթային դեղեր» • «Հակավարակային դեղեր» • «Հոգեմետ դեղեր» • «Ստամոքսաղիքային դեղեր» • «Վարակազերծիչներ եւ հականեխիչ միջոցներ» • «Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր (տեղային)» • «Ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղեր, ռեւմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձեւափոխիչներ» • «Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր» • «Հակամիգրենային դեղեր» • «Հակապարկինսոնային դեղեր» • «Արյան վրա ազդող դեղեր» • «Արյան պատրաստուկներ, պլազմայի փոխարինիչներ» • «Միզամուղներ» • «Հորմոններ, այլ ներզատային դեղեր, հակաբեղմնավորիչներ» • «Իմունաբանական դեղեր» • «Մկանային ապալարիչներ (ծայրանդամային ազդեցության), խոլինէսթերազի արգելակիչներ» • «Արգանդակծկիչներ եւ արգանդաթուլացնողներ» • «Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր» • «Ջրաաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթներ» • «Վիտամիններ եւ հանքանյութեր» 2008 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով  «Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղերի» շուկայում ունեցած գերիշխող դիրքը կորցրել են «Ալֆա Ֆարմ» եւ «Ֆարմատեք» ընկերությունները: «Ալֆա Ֆարմն» իր գերիշխող դիրքը կորցրել է նաեւ «Սիրտանոթային դեղերի» եւ «Ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղեր, ռեւմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձեւափոխիչների» շուկաներում,  «Վարակազերծիչներ եւ հականեխիչ միջոցների» շուկայում ունեցած գերիշխող դիրքը կորցրել է «Նյու-Ինտերնեյշնել Բիզնես Ֆարմ» ընկերությունը: Հետեւաբար, Հանձնաժողովի որոշմամբ, վերոհիշյալ ընկերությունները հանվեցին գրանցամատյանում գրանցումից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լամբրոն-Ֆարմիմպեքս» ընկերութունը հանդիսանում է «Ռիխտեր-Լամբրոն» ընկերության հիմնադիրը: Հետեւաբար, վերոհիշյալ երկուսը անձանց խումբ են հանդիսանում եւ մրցակցային օրենսդրության տեսակետից համարվում որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովի որոշմամբ` • «Արյան պատրաստուկներ, պլազմայի փոխարինիչների» շուկայում «Արմինկուս» եւ «Լիկվոր» ընկերությունները (միասին գրավում են շուկայի 63,46 տոկոսը), • «Հորմոններ, այլ ներզատային դեղեր, հակաբեղմնավորիչների» շուկայում «Մ.Լ.Ն Ֆարմ» ընկերությունը (գրավում է շուկայի 36,25 տոկոսը), •  «Իմունաբանական դեղերի» շուկայում «Նատալի Ֆարմ» ընկերությունը (գրավում է շուկայի 42,34 տոկոսը), • «Մկանային ապալարիչներ (ծայրանդամային ազդեցության), խոլինէսթերազի արգելակիչների» շուկայում «Վագա Ֆարմ» ընկերությունը (գրավում է շուկայի 39,53 տոկոսը), • «Արգանդակծկիչներ եւ արգանդաթուլացնողների» շուկայում «Ռիխտեր-լամբրոն» ընկերությունը (գրավում է շուկայի 43,47տոկոսը), • «Ջրաաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթների» շուկայում «Ֆարմատեք» ընկերությունը (գրավում է շուկայի 49,29 տոկոսը), • «Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղերի (տեղային)» շուկայում «Ֆարմատեք» ընկերությունը (գրավում է շուկայի 42,52 տոկոսը) համարվել են գերիշխող դիրք ունեցող եւ գրանցվել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում): Մյուս շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտներ ի հայտ չեն եկել: Միաժամանակ, գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներից պահանջվել են դեղերի իրացման գների վերաբերյալ տեղեկություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter