HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ֆինանսների նախարարությանը չի հաջողվում իրականացնել ընթացակարգերի պարզեցումը

Ճյուղային նախարարություններն ընդդիմանում են Ֆինանսների նախարարությունը չորս չլուծված խնդիր ունի` լիցենզավորման եւ թույլտվությունների ընթացակարգերի պարզեցում, "Doing business" ծրագրի պարտավորությունների կատարում, Մաքսային ծառայությունում պահանջվող փաստաթղթերի քանակի կրճատում եւ գնումների նոր հայեցակարգի ներդրում: Այսօր կառավարությունում հաշվետվությամբ հանդես եկավ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ընդունված կարգով` նա անդրադարձավ միայն բացթողումներին: Ամենաթույլ կողմը նախարարը համարեց "Doing business" ծրագիրը. «Խնդիրն այստեղ այն է, որ Ֆինանսների նախարարությունը համարվում է համակարգող նախարարություն, իսկ կատարողները ճյուղային նախարարություններն են, որոնցից ստանում ենք պատասխաններ, թե ընթացակարգերի պարզեցման խնդիր չկա»: Նախարարությունն առաջարկել է երկրորդ փուլի քննարկումներ իրականացնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե այդ բնագավառում ունեն լուրջ պրոբլեմ. «Միջազգային համադրումները ցույց են տալիս, որ բյուրոկրատական քաշքշուկները մեզ մոտ ձեւավորվել են օրենսդրությունից եւ պրակտիկայից ելնելով»: Վարչապետը համաձայն է, որ կա ներքին դիմադրողականություն, քանի որ որոշ գերատեսչություններ պետք է փոխեն իրենց վարքագիծը. «Ադրբեջանը ցույց տվեց, որ ծրագրի շրջանակներում կարելի է մեկ տարում բոլոր ընթացակարգերի կտրուկ բարելավում արձանագրել, ինչու մենք չենք կարող»: Ըստ կառավարության ղեկավարի` ծրագրի շուրջ քննարկումներն արդեն երկու տարի է ծավալվել են, սակայն արված գործ չկա: Նախարարն էլ լրացուցիչ ջանքերի կարիք ունի: Վարչապետը խորհուրդ տվեց հարցն անձնական հսկողության տակ պահել: Տ. Սարգսյանը մատնանշեց էլեկտրոնային գնումների համակարգ ներդնելու ծրագիրը, որը եւս իրականացված չէ եւ հարցրեց, թե որն է վերջնաժամկետը: «Հայեցակարգով մենք փորձում ենք դա փուլային անել, որոշակի տարրեր արդեն ներդրված են, բայց քանի որ Համաշխարհային բանկի հետ է կապված, ուստի հիմնական բեռը կդնենք 2010 թվականի վրա»,- ասաց նախարար Դավթյանը: Վարչապետն անդրադարձավ երրորդ չկատարված ծրագրին` մաքսային վարչարարության պարզեցմանը, մասնավորապես արտահանման համար պահանջվող փաստաթղթերի կրճատմանը: «Ժամկետը հունվարի մեկն էր, սակայն կատարված չէ, եթե մեզ նման երկրները կարողացել են փաստաթղթերի թիվը կրճատել, ինչն է մեզ խանգարում»,- հարցրեց վարչապետը: Նախարարն էլ պատասխանեց, թե Մաքսային ծառայության հետ համաձայնության չեն եկել: Հաջորդ անկատար ծրագիրը լիցենզավորման եւ թույլտվությունների ընթացակարգերի եւ պահանջների պարզեցումն է: Տ. Դավթյանը լրացուցիչ ժամանակ խնդրեց, որպեսզի կարողանա պարտավորեցնել մյուս նախարարություններին: Վարչապետն էլ խորհուրդ տվեց խնդիրների դեպքում հրավիրել խորհրդի նիստ: Ըստ Տիգրան Դավթյանի` 2008-2012 թթ. նախատեսված 13 միջոցառումներից միայն երկուսի առումով վերապահումներ կան: Առաջինը նորաստեղծ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման մատչելիության եւ հուսալիության հայեցակարգն է, որի նախնական տարբերակը ենթադրում էր լուծել նաեւ ավտոմեքենաների վարկավորման խնդիրը, որն այժմ ներառված չէ: Երկրորդը վերաբերում է ներքին աուդիտի մասին օրենքին, որն ԱԺ-ում անցել է առաջին ընթերցում, սակայն նախատեսվում է իրականացման ժամկետների հետաձգում, քանի որ նախագիծը մշակվել է Եվրամիության հետ, իսկ վերջինս այժմ 15 առաջարկ է ներկայացրել, որոնք պետք է ավելացվեն նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter