Վարդան Բոստանջյանն առաջարկում է` պայքար, պայքար մինչև վերջ
Այսօր Հայելի ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Սարգսյանը և ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը քննարկում էին, թե որքանով են իշխանությունների ձեռնարկած օրենսդրական բարեփոխումները նպաստել հայրենական արտադրության խթանմանը, եւ ինչպիսին են իրականացվող հակաճգնաժամային քայլերը:
Վարդան Բոստանջյանի համոզմամբ` տեղի է ունենում օրենսդրական փոփոխությունների և հարաբերությունների շարունակական կանոնակարգում, որը խթանում է արտադրողականությունը և տեղի արտադրողների համար ստեղծում ավելի արդյունավետ գործելու և շրջանառությունը մեծացնելու հնարավորություն:
Ի տարբերություն ԲՀԿ-ական պատգամավորի` ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այնքան էլ լավատես չէ այդ հարցում. "Իհարկե, օրենքներ ընդունվել են, խորհրդարանը հենց դրա համար է, բայց երկրներ կան, որտեղ օրենքները լավն են լինում, նպաստում են արտադրության զարգացմանը, պաշտպանում են ներքին արտադրողին, կան երկրներ, որոնք նման լավ օրենքներ չեն ընդունում, ըստ իս` Հայաստանը այդ 2-րդ խումբ երկրներին է պատկանում":
Ասածն ավելի առարկայական դարձնելու նպատակով Բ. Ասատրյանն օրինակ բերեց, որ 2008 թ. ներմուծումը մեր երկիր կազմել է 4 մլրդ 400 մլն դոլար, արտահանումը` 1 մլրդ 069 մլն դոլար: "Մեր սիրելի իշխանությունների քրտնաջան, շատ անկեղծ աշխատանքի արդյուքում մենք ստացանք 3.4 մլդ արտաքին առևտրի ճեղքվածք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1 մլրդ 100 մլն-ով",- ասաց նա:
Բ. Ասատրյանն իր մտահոգությունը հայտնեց նաև, որ խորհրդարան մտած 122 օրենսդրական նախագծերի շարքում չկա ոչ մի հակաճգնաժամային տարր պարունակող նախագիծ:
Վարդան Բոստանջյանն առաջարկեց այդքան կոպիտ չարտահայտվել, բայց համաձայնեց, որ խորհրդարան մտնող օրինագծերը կարող են լինել և' լավը, և' վատը. "Դա գալիս է մեր հմտությունից, մեր փորձառությունից, բայց ես չէի ասի, որ գալիս է կամքից": Վարդան Բոստանջյանն առաջարկում է "քաղաքական առաջնորդներից մեկի ասած "Պայքար, պայքար մինչև վերջ" բանաձևով աշխատել լավ օրենքներ ստեղծելու համար":
Սակայն երբ Բագրատ Ասատրյանը հակադարձեց, թե "մենք բանան ուտող ժողովուրդ ենք դարձել, մենք դրսից մի երկու կոպեկ բարեկամների կողմից ստացված փողերով ենք ապրում, մենք արտադրող չենք", Վարդան Բոստանջյանն, ի վերջո, համաձայնեց այն իրողության հետ, որ մենք տեղական արտադրողի համար բարենպաստ պայմաններ չենք ստեղծել, և տնտեսական ճգնաժամն ավելի ակնառու դարձրեց դա: Սակայն, պատգամավորն առաջարկեց այդքան վատատես չլինել. "Եթե ժամանակային առումով մենք թույլ ենք տվել դանդաղկոտություն կամ ոչ հետևողականութուն, դա չի նշանակում, որ միանգամից կարելի է այս ամբողջը համարել բացասական":
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային քայլերին, Վ. Բոստանջյանի խոսքերով` այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը ներկայացրել է մի հակաճգնաժամային ծրագիր, "որը և' մտքի առումով, և' համալիրության առումով անխոցելի է, սակայն հարցն այն է, թե արդյոք մենք ի զորու կլինենք այդպսիսի մի ծրագիրը կյանքի կոչել, օգտագործել ամբողջությամբ":
Բագրատ Ասատրյանն արձագանքեց, որ արդեն վեց ամիս է` բացի իշխանություններից բոլորն ասում են, որ երկրի գլխին կրակ է ընկնում, ճգնաժամ է:
Վարդան Բոստանջյանը համաձայնեց, որ կարող են հարցնել, թե ինչու ավելի վաղ չէինք մտածում, այդ առումով կա խոցելիություն, քանի որ դեռ չեն հասցրել տեղադրել այն միջոցները, որոնք կարող են հակաճգնաժամային քայերի իրականացման համար հիմք լինել: Սակայն այժմ Համաշխարհային բանկի և Ռուսաստանի կողմից Հայաստանին կտրամադրվի 1 մլդ դոլար վարկ, որի օգնությամբ կկարողանան հաղթահարել տարբեր խնդիրներ: "Ֆինանսական հոսքերն իրենցից ներկայացնում են բարդ խողովակաշարերի ամբողջ մի համակարգ, ՀՀ-ն մի փոքր խողովակով էլ կապված չի այդ համակարգի հետ, այդ համակարգում տեղի է ունեցել խցանում, եւ խցանումը հաղթահարելու համար ամենաքիչը 3 տարի ժամանակ է պետք",- կանխատեսեց պրն Բոստանջյանը:
Բագրատ Ասատրյանը Վարդան Բոստանջյանի խոսքերից միայն մեկ եզրակացության եկավ, որ "մենք այս տարի ավելի վատ ենք ապրելու, քան անցյալ տարի":
"Ռուսաստանի պես հզոր երկրի նախագահն ասաց, որ 2010-ին ավելի դժվար է լինելու, քան 2009-ին, այնպես որ, մենք իրավունք չունենք պատրանքների դաշտում գտնվել` մտածելով, որ մի ամսից հետո ամեն ինչ կկարգավորվի",- եզրափակեց Վարդան Բոստանջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել