Բագրատ Ասատրյան. «Ճգնաժամի ամբողջ բեռն ընկնելու է ցածր և միջին խավի վրա»
Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք հարկային վերջին բարեփոխումները, որոնք նպաստեցին հարկերի բարձրացմանը, կարելի է համարել հակաճգնաժամային քայլ:
Ըստ պատգամավորի` իրականում հարկային դրույքաչափերի բարձրացում չի եղել, բայց հարկային բեռն է ծանրացել` պայմանավորված նրանով, որ երկիրն ունի ստվերային մաս:
«Որոշները գնահատում են 30%, 50%, մարդ կա` մինչև 80%, այսինքն` ստվերային գործունեությունն, ըստ էության, բացառում է տնտեսվարող սուբյեկտների կողմից երկրի նկատմամբ իր պարտավորությունների պատշաճ կատարում»,- ասաց Վ, Բոստանջյանը:
Պատգամավորի համոզմամբ` բոլոր այն մարդիկ, ովքեր չեն սիրում թափանցիկություն, ասում են, որ մենք «զոհվեցինք», հարկային բեռը մեծացավ, բայց մենք չենք կարող թողնել, որ մեր երկրում հավերժ գործեն թաքնված. «Եթե մենք շիտակ մարդիկ ենք, ինչու մեր գործողությունները թափանցիկ չեն դարձնում, եթե մեր իշխանությունները ապաշնորհ էլ են, գոնե այդ հարցում ճիշտ են գործում են»:
Վարդան Բոստանջյանը հիշեցրեց, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, ԱՄՆ-ից ու Կանադայից բացի` մնացած բոլոր երկրներն էլ վատ են ապրում: «Ամբողջ Աֆրիկան սարսփաելի վատ է ապրում»,-եզրափակեց նա իր խոսքը:
Ի տարբերություն Վարդան Բոստանջյանի` Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ «մենք, ցավոք, ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունները լրիվ անպատասխանատու դիրքորոշում ունեն, քանի որ կառավարությունները խոսում են ոչ թե հարցազրույցներով, հեքիաթային դասախոսութուններով, այլ` ծրագրերով»:
Ըստ նրա` Հայաստանը թեւակոխում է ծանր տարի` տեսանելի պրոբլեմներով: «Թիվ մեկ պրոբլեմը ՀՀ-ի համար լինելու է գործազրկությունը: Մենք գիտենք, որ Ռուսաստանում մոտ 500-600 հազար աշխատող ունենք, նրանց զգալի մասը ոչ միայն փողերը չի փոխանցելու, այլև իրենք են գալու, քանի որ մի գյուղում տուն ունեն, մի հատ անկյուն, այսինքն` 2009 թ. տնտեսական զբաղվածության ապահովման խնդիրն առաջնային է: Եթե հարկային վարչարարության խնդիր են դնում, ապա մեկ տարի թող մեր սիրելի իշխանությունները հետաձգեին, աշխարհը չէր քանդվի, եթե 15 տարի վարչարարությունը այդ դաշտ չի մտել, մի տարի էլ չմտներ, գոնե մի 5000 հազար հոգի աշխատանք կունենային»,- ասաց նա:
Բ. Ասատրյանի խոսքերով` ճգնաժամը մի փոս է, որի մեջ ընկնում է երկիրը, հարուստն ու աղքատը, իշխանություններն ու ընդդիմությունը: Բայց Բ. Ասատրյանը համոզված է, որ ճգնաժամի ամբողջ բեռն ընկնելու է ցածր և միջին խավի վրա, քանի որ խորհրդարանում նստած են մեծահարուստներ, բիզնեսմեններ, ովքեր իրենց անձնական հարցերը լուծելու են, իսկ խեղճ տաքսու վարորդը երբեք հարց չի լուծելու:
«Եթե մի օրենք եք ընդունել, խնդրեմ` ցույց տվեք մի օրինակ, որ գերշահույթ ստացած այս բիզնեսները հարկել ենք, ամեն տեղ գները իջնում են, բայց Հայաստանում ոչ մի գին չիջավ, եկամուտները ուր են, մեր պատգամավորների գրպանում դրած են, որով և ձայներ են առնում, որով և մեր ապագան են առնում»,- ասաց Բ.Ասատրյանը:
Բ. Ասատրյանն առաջարկեց իշխանություններին հրաժարական տալ. «Քանի որ դուք իշխանություն չեք, դուք ոչինչ չեք անում այս երկրի համար, ձեր միակ արդյունքը եղել է մարտի 1-ը»:
Նա ավելացրեց նաև, որ փոսից դուրս գալու համար, իհարկե, պետք է բոլորը վճարեն. «Նորմալ հասարակություններում, երբ իշխանությունը իշխանություն է, ոչ թե իրենց գրպանները լցնելու համար, գլուխ-գլխի են տալիս` մտածելով, որ աղքատների գոտին այսքանով պետք է ձգեն, իշխանություններինը` այսքանով, մեր երկրում ոչ մի բան չի արվել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել