225 եւ 300 հոդվածների փոփոխություններն եւ լրացումները
Այսօր կայացավ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու` իր եւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությունները, որոնք առնչվում էին իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման, տարածքային ամբողջականության խախտման, պետական իշխանության յուրացման եւ տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի, Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, ՍԴ-ին իշխանական գործողություն պարտադրելու, զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու հոդվածներին:
Դ. Հարությունյանը ներկայացրեց սահմանադրական կարգի, իշխանության յուրացման հոդվածների վերաբերյալ միջազգային օրենսդրությունը: Նա առաջարկում է «իշխանության յուրացում» հասկացությունը տարանջատել «սահմանադրական կարգը տապալել» հասկացությունից:
Ըստ նրա` սահմանադրական կարգը տապալելը միշտ չէ, որ իշխանության յուրացում է: Աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկում է «Իշխանության յուրացում» հոդվածում տարանջատել «իշխանություն զավթել» եւ «իշխանություն պահել» հասկացությունները:
Առաջարկվում է նաեւ իշխանությունը զավթելու մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է հրաժարվել պետական իշխանության յուրացում արտահայտությունից: Նա անդրադարձավ նաեւ իշխանությունը բռնությամբ պահելու եւ իշխանությունը զավթելու փորձին վերաբերող հոդվածներին:
Աշխատանքային խմբի ու ԱԺ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամները, ներկա գտնվող փորձագետները ներկայացրին համապատասխան հոդվածներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ եւ կարծիքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել