Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում նախընտրում են աշխատանքով ապահովվել 400 մարդու
«Պահանջում ենք տնօրենի հրաժարականը», «Աշխատավարձերը կրճատելու փոխարեն նվազեցրեք վրացիների ու ռուսների գործողումներն ու փոխհատուցումները»` անցած տարվա նոյեմբերին այս կարգախոսներով բողոքի ակցիա սկսեցին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները: Վերջիներիս հանդիպեցին մարզային իշխանության ներկայացուցիչները, կառավարության անդամները: Թերևս այն ժամանակ գտնվել էր ելք` հարկադիր պարապուրդի ուղարկել աշխատակիցների մի մասին: Իսկ արդեն ընթացիկ տարվա փետրվարի 1-ից դադարեցվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը:
Երբ փորձեցինք Ագարակի կոմբինատի տնօրեն Գերոգի Դեւաձեից ի վերջո ճշտել, թե ինչ է կատարվում ձեռնարկությունում, մեզ տեղեկացրին, որ տեղեկատվություն կարող ենք ստանալ միայն «Գեոպրոմայնինգ» գրուպի հայաստանյան գրասենյակից:
Հիշեցնենք, որ Ագարակի կոմբինատի սեփականտերը հենց այս ընկերությունն է: Գրասենյակի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը նշեց, որ այս պահին ընթանում են նորոգման աշխատանքներ, սակայն կոմբինատի հանքում դեռ աշխատում է 1 էքսկավատոր ու 5 «Բելազ»:
Իսկ ինչ է սպասվում աշխատակիցներին ու քանի հոգի են կրճատվելու: «Մենք արևմտյան մամուլ չենք, և նախկին ԽՍՀՄ տարածքում ընդուված չէ թվեր հրապարակել աշխատանքից ազատումների և աշխատակիցների կրճատումների վերաբերյալ (ինչպես ներկայացնում են, օրինակ, ամերիկյան ընկերությունները): Բայց փորձեմ տոկոսային հարաբերությամբ նշել. աշխատակիցների մոտ 50%-ին տրվել է իրենց հասանելիք վճարովի արձակուրդները, մի մասը հարկադիր պարապուրդում է, մոտ 350 մարդ էլ այս պահին աշխատում է: Բայց սա դեռեւս քննարկման փուլում է, վերջնական թվերը դեռ պատրաստ չեն»,-ասաց Ռուզաննա Գրիգորյանը:
Կապանի զբաղվածության մարզային կենտրոնին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը, ղեկավարվելով ՀՀ «Աշխատանքյաին օրենսգրք»-ի 116 հոդվածի 1-ին մասով, այն է` «Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երեք ամիս առաջ` մինչեւ աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայություն եւ աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ)` փետրվարի 3-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ 550 աշխատակցի հետ լուծելու են աշխատանքյաին պայմանագրերը: Որպես հիմք նշված է նույն օրենսգրքի 113 հոդվածի 3-րդ` «արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում. և 9-րդ կետը` «աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով»:
«Էլի եմ ասում, չեմ կարող կոնկրետ թվեր նշել: Ներկայիս ճգնաժամը այս դարաշրջանի ամենախոշոր ճգնաժամն է, և օրինակ Ռուսաստանում մասայականորեն կանգնեցվում են այնպիսի գործարաններ ինչպիսիք են «ԿԱՄԱԶ»-ը, «ԱԶ»-ը, «ՎԱԶ»-ը, «ՈՒՖԱՆԻԿԵԼ»-ը, իսկ «ՌԻՈ ԹԻՆԹՈ»-ն` որն առաջատար մետալուրգիական ընկերություն է, կրճատում է 26 000 աշխատակիցների: Բոլոր ձեռնարկությունները կրճատում են ծախսերը և արտադրության ռեժիմները փոխադրում ոչ թե շահութաբերության (դա շատ ճյուղերի համար անհասանելի է) այլ նվազագույն կորուստների ռեժիմի: Մենք գիտենք, որ Ագարակի կոմբինատը կարևոր ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի համար: Ուստի ընկերության Մոսկվայում գտնվող գլխավոր գրասենյակի կողմից ստեղծել է հակաճգնաժամային խումբ: Ուսումնասիրում են բոլոր տարբերակները, արդեն կան 3-4 հիմնական ուղղություններ, բայց էլի կոնկրետ չեմ կարող ասել, որը կըդունվի»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Ռուզաննա Գրիգորյանը:
Վերջինիս փոխանցմամբ, ընկերությունը գործում է ՀՀ օրենսդրության շրջանակներում, և ֆինանսական միջոցների սղության դեպքում միջոցներ կձեռնարկվեն կրճատումների դեպքում նախատեսվող վճարումները կատարելու համար: Բաժնետերերի կողմից սպասվում է ներդրում ու ներկայումս փնտրվում են տարբերակներ ընկերության մեջ գտնվող ձեռնարկությունների գործունեությունն ապահովելու համար:
«Կոնկրետ Ագարակի դեպքում, նախընտրում ենք, որ աշխատանքով ապահովվի գոնե 400 մարդ, քան չաշխատի ոչ ոք»,-ասաց Ռ. Գրիգորյանը: Այնուամենայնիվ, ինչպես փորձագետները, այնպես էլ հանրության հետ կապերի բաժնի ղեկավարը չի կարող նշել, թե իրավիճակը երբ կկարգավորվի:
«Պղնձի գինը նվազել է երեք անգամ, իսկ մոլիբդենի գինը` հինգ անգամ: Վառելանյութի և այլ նյութերի գները չեն նվազել: Ավելին, պետք է նշել, որ իրավիճակը շատ արագ փոփոխվում է և դեռ վաղ է խոսել վերջնական որոշումներ ընդունելու մասին: Որոշումները կախված են մոլիբդենի և պղնձի գներից, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գլոբալ փոփոխություններից: Փետրվարին իրավիճակը կարող է այլ լինել, ապրիլին` ուրիշ, հաջորդ ամիս` փոփոխվել, և իրավիճակին արագ արձագանքելու ունակությունը (նույնիսկ եթե դա որոշակիորեն վատ է անդրադառնում աշխատանքի շուկայի վրա) ճիշտ կառավարման հատկանիշներից մեկն է: Այն դեպքում, երբ Ռուսաստանում շատ ձեռնարկություններ փակվեցին դեռ հոկտեմբեր ամսին, մենք շարունակում ենք աշխատել մեր ձեռքի տակ առկա հնարավորություններով»,- ասաց Ռ.Գրիգորյանը:
Արմեն Դավթյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել