HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Հարությունյանը մտահոգված է «գռեհիկ հեռուստաարտադրանքով և ցինիկ հեռուստագովազդներով»

Հայաստանի Մարդու իրավունքի պաշտպան Արմեն հարությունյանն այսօր հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել հայաստանյան հեռուստաընկերություններում եթեր հեռարձակվող սերիալների ու գովազդների վերաբերյալ: «Ակնհայտ է, որ վերջին ժամանակները հայաստանյան տարբեր հեռուստաալիքներ ցուցադրում են ցածրորակ սերիալներ, որոնք փողոցային ժարգոնով ու հայհոյանքներով են համեմված և գովազդում են հանցագործ աշխարհի օրենքներով ապրելը: Չի պահպանվում եթերի գրագիտությունը և բարոյականությունը, մեր հասարակությունը, և հատկապես նրա խոցելի խումբ հանդիսացող մեր երեխաները ստիպված են այսօր դիտել գռեհիկ, ապադաստիարակչական հեռուստաարտադրանք, ցինիկ հեռուստագովազդներ: Պակաս մտահոգիչ չէ, որ եթերում ցուցադրվում են նաև դաժան տեսարաններով և բռնություններով լի հեռուստաֆիլմեր, որոնք զուգորդվում են հոգեբանական տեռորով, արժանապատվության վրա հիմնված արժեհամակարգի խարխլումով: Այս ամենը, բնականաբար ծանր հոգեբանական ազդեցություն է ունենում հատկապես երեխաների վրա, նրանց մեջ սերմանում ընկճվածություն, անելանելիության զգացողություն, անհանդուրժողականություն, ագրեսիվություն և այլ բացասական որակներ: Փաստորեն, բարոյադաստիարակչական ազդեցություն ունենալու, մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք սերունդների մեջ արմատավորելու փոխարեն, նմանատիպ ֆիլմերը, գովազդները ըստ էության հակառակ ազդեցությունն են ունենում: Չկենտրոնանալով որևէ հետուստաընկերության վրա, որպես օրինակ ցանկանում եմ նշել մամուլում բազմիցս քննարկված Որբերը հեռուստասերիալը: Կոչ եմ անում բոլոր հեռուստաընկերություններին և նրանց գործունեությունը վերահսկող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- նշված է պաշտպանի հայտարարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter