Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարական աշխատանքների 70-75%-ին մասնակցելու են տեղաբնակները
Փետրվարի 6-ին Ախալքալաքի շրջանային վարչության շենքում` տեղական լրատվամիջոցների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարծախ հատվածի նախագծի տնօրեն Բիձինա Բրեգաձեի հետ: Հանդիպման ընթացքում հյուրը նախ` տեղեկացրել է երկաթգծի տնտեսական շահավետության, բերելիք օգուտների մասին, ապա և մանրամասնորեն ներկայացրել նախագծի փուլերը` նաև պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին:
Բիձինա Բերգաձեի տեղեկացմամբ, Ախալքալաքի Կարծախ գյուղի հատվածում երկաթգծի շինարարական աշխատանքները հնարավոր է սկսվեն գարնանը` մարտին կամ ապրիլին: Միաժամանակ նաև ծրագիր կա Ախալքալաքում երկաթգծի նոր կայարան կառուցել, քանզի խորհրդային տարիներից հուշ մնացածը բավականին լայն է, իսկ այն, ինչ նախատեսված է կառուցել` լինելու է ավելի նեղ: Երկաթգծի Մարաբդա-Ախալքալաք հատվածի նախագծի տնօրենի խոսքերով, ապագա երկաթգիծը պետք է ծառայի ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար փոխադրամիջոց: Ավելին` նախատեսվում է տարեկան շուրջ 5 մլն բեռնափոխադրումներ իրականացնել:
Հանդիպման մասնակիցներից շատերին, հատկապես ոչ կառավարական և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, առանձնապես հետաքրքրել է Կարծախի հատվածում այժմ իրականացվող` շուրջ 40-50 տարեկան անտառի ծառահատումների «ճակատագիրը», տարածաշրջանում` երկաթգծի շինարարության ջավախահայ աշխատավորների ներգրավվածությունը և այլն: Այս ամենին Բրեգաձեն տվել է ավելի քան հուսադրող պատասխան:
«Սա շատ մեծ ու լուրջ նախագիծ է ողջ երկրի և կոնկրետ այս շրջանի համար: Երբ արդեն սկսվեն շինարարական աշխատանքները, կարծում եմ, ավելի քան 1000-1500 տեղացիներ կաշխատեն Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում և այլուր: Կստեղծվեն նոր աշխատատեղեր, տնտեսությունը կզարգանա, ինչը դրականորեն կանդրադառնա տեղացիների կյանքի մակարդակի վրա: Ինչ վերաբերում է Կարծախի հատվածի ծառահատումներին, ապա մեր միջազգային մասնագետներն ու փորձագետները մաքսիմալ արել են ամեն ինչ, որ այդ 180 կմ տարածքում չլինեն այդպիսի դեպքեր: Ցավոք, սա տեխնիկապես հնարավոր չէր, և անտառի փոքր հատվածը, միայն այն տեղում, որտեղ պետք է անցկացվի երկագծի ռելսերը, հատվելու է, ու դրա փոխարեն, ըստ համաձայնագրի, շինարարական կազմակերպությունը` շրջակա միջավայրի պահպանության նախարարության և տեղական վարչության հետ, 5-ից 10 անգամ ավելի ծառեր կտնկեն»,- «Ա-ինֆո»-ին տեղեկացրել է Բիձինա Բրեգաձեն:
Նա նաև փաստել է, որ տարածաշրջանում իրականացվելիք երկաթգծի շինարարական աշխատանքների 70-75%-ին մասնակցելու են տեղաբնակները. «Սա վրացական կառավարության դիրքորոշումն է, որ տեղացիներն աշխատանք ստանան այս մեծ նախագծից և նրա շինարարությունից, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքի մաս հասնի այն բարիքից, որը պետք է տա այս նախագիծը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել