Կառավարությունն արձագանքում է «Հետք»-ի հրապարակումներին
«Հետք» էլեկտրոնային պարբերականի կայքում դեկտեմբերի 22-ին հրապարակված Սառա Պետրոսյանի «Ազատվեք ձեզ խանգարող անուն-ազգանուններից» վերնագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին` քննարկել հոդվածում բերված փաստերը եւ տեղեկացնել ձեռնարկված միջոցառումների մասին:
«Հանձնարարված ժամկետում, «Հետք»-ի ներկայացրած փաստերի ուսումնասիրությունն ավարտելուց հետո, ի հայտ եկած խախտումների ու դրանց վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին ՀՀ արդարադատության նախարարը զեկուցել է ՀՀ վարչապետին:
Նախարարը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ արդարադատության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության կողմից սույն թվականի հունվարի 31-ին հրավիրվել է ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների խորհրդակցություն, որի քննարկման առարկան է հանդիսացել ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցների կողմից իրենց գործունեության ընթացքում օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խստիվ պահպանումը, մասնավորապես, ՀՀ կառավարության 23.06.2005 թվականի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 941-Ն որոշման եւ ՀՀ արդարադատության նախարարի 14.05.2007 թվականի թիվ 97-Ն հրամանով հաստատված «Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելու վերաբերյալ հրահանգչական ցուցումների» պահանջների կատարումը: ՔԿԱԳ տարածքային մարմինների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ` հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել քաղաքացիների դիմումները, խստագույնս պահպանելով ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները:
Նախարար Գ.Դանիելյանը, միաժամանակ, տեղեկացրել է, որ Ճամբարակի ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցների կողմից` քաղաքացիական կացության ակտերում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելու սահմանված կարգը խախտելու համար, միջնորդություն է ներկայացվել Ճամբարակ համայնքի ղեկավարին` միջոցներ ձեռնարկելու ՔԿԱԳ բաժնում խախտումները եւ թերությունները վերացնելու, աշխատանքի կազմակերպումը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու եւ ՔԿԱԳ բաժնի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ճամբարակ համայնքի ղեկավարի կարգադրությամբ, հիշյալ համայնքի ՔԿԱԳ բաժնի պետ Լուսինե Մխիթարյանին հայտարարվել է նկատողություն»,-գրված է կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի «Հետք»-ին ուղղված նամակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել