Ախալքալաքի շրջանային դատարանը 2008թ-ին ստացել է 159 քրեական գործ
Անցյալ տարվա ընթացքում միայն Ախալքալաքի շրջանային դատարանը ստացել է 159 քաղաքացիական, 31 ադմինիստատիվ, 137 իրավախախտման, 159 քրեական, 277 հետաքննչական գործ: Այս մասին հայտարարել է Ախալքալաքի շրջանային դատարանի նախագահ Արարատ Եսայանը` դատարանի գործունեության 2008 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս:
Արարատ Եսայանի խոսքերով, քրեական գործերի թիվն ակնհայտորեն նվազել է, բայց և’ քաղաքացիական, և’ ադմինիստրատիվ գործերը նույն մակարդակի են. «Ուզում եմ հաճելի լուր հայտնել, որ անցած տարվա ընթացքում արձանագրվել է միայն մեկ քրեական գործ` կապված, այսպես ասած, հարսնացուների առևանգման հետ: Այսինքն` սա շատ լավ արդյունք է: Բնակչությունը երևի հասկացել է, որ ծանր կերպով պատժվում են նման կարգի հանցագործությունները: Միաժամանակ, ես ուզում եմ ձեր ուշադրությունն ուղղել հետևյալին, որ նայված քրեական գործերից, որոնք, եթե որակավորենք և համակարգենք, առանձնանում են 2 կարգի գործեր. դրանք` գողությունն ու խուլիգանությունն են: Այս գործերում ներգրավված են անչափահասները` աշակերտները, երիտասարդները, հիմնականում` մինչև 38 տարեկանները»:
Ախալքալաքի շրջանային դատարանի նախագահի գնահատմամբ, գողությունն ու խուլիգանությունը սոցիալական հատկանիշ ունեն, որոնք խոսում են տեղի երիտասարդության անկազմակերպվածության մասին: Նա զգուշացրել է, որ խուլիգանության դեպքում պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն` ապագայում դրանք կանխելու նպատակով: Ա. Եսայանն այս կապակցությամբ մեջբերել է նաև վիճակագրական տվյալներ, ըստ որոնց, անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է 28 գողության և 27 խուլիգանության դեպք,-հայտնում է «Ա-ինֆո» գործակալությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել