HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ինչպես փրկել նախագահի հրամանը

Մարտի 1-ը, 1643 բանաձեւը եւ ճգնաժամը, ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, ազդող գործոններ են այսօրվա քաղաքականության վրա: Այդ մասին նա ասաց այսօր Ուրբաթ ակումբում: Քաղաքագետը գտնում է, որ ելնելով այս գործոններից` քաղաքական ուժերը փորձում են դրսեւորվել. «Հիմնական խնդիր է նաեւ «Յոթի գործի» դատավարությունը, քանի որ իշխանություններն այդ գործի հետ կապված բարդ իրավիճակում են հայտնվել»: Մ. Սարգսյանի կարծիքով` Քրեական օրենսգրքում փոփոխությունները իշխանությունների փորձն է դուրս գալ ճգնաժամից. «Եվրոպայի խորհուրդը պահանջ է դնում սպանություն իրագործողներին գտնել եւ մեղադրանքները հանել օպոզիցիայի գործիչներից, որոնք ըստ 225 եւ 300 հոդվածների են ներկայացված, դա նշանակում է մարտի 1-ից մինչեւ այսօր իշխանությունների ծավալած գործողությունները հայտարարել անօրինական»: Քաղաքագետը ասում է, որ եթե չեն ապացուցվում հանցագործությունները, ուրեմն մարտի 1-ին Երեւանում հայտարարված ռեժիմը անօրինական էր. «Այսօրվա իշխանությունները ինչ-որ կերպ ինչ-որ մեղադրանքներ պետք է ապացուցեն, որպեսզի փրկեն նախագահի այդ հրամանը»: Փորձագետը գտնում է, որ ընդդիմությունը հասկանում է ստեղծված իրավիճակն ու անում եւ անելու է հնարավորը, որպեսզի մեղադրանքները հանվեն: Ըստ փորձագետի, եթե իշխանությունը մինչեւ մարտի 1-ը չանի իրավիճակի փոփոխությանն ուղղված էական քայլեր, ապա կարող է ստեղծվել բավական բարդ իրավիճակ, ինչն էլ հասկանալով իշխանությունն այժմ փորձում է խոսել սպասվելիք անկարգությունների մասին. «Սակայն փորձը ցույց է տվել, որ եթե չի լինում որեւէ սադրանք` չի լինում նաեւ որեւէ անկարգություն»: Փորձագետը գտնում է, որ  գլխավոր հարցն այսօր ինչ անելն է, իսկ պատասխան չունենալու պատճառով էլ  իշխանությունը հեռուստաընկերությունների միջոցով հասարակության ուշադրությունը շեղում է արտաքին իրադարձությունների վրա. « Տպավորություն են ստեղծում, որ  արտաքին կյանքում իշխանությունները հասնում են հաջողությունների ու հաղթանակների»: Նման դեպքում, քաղաքագետը գտնում է, որ  երկրորդական են  դառնում Հայաստանի ներքին խնդիրները. «Արտաքին ոլորտում 100 տոկոս խոսքից ընդամենը կես տոկոս արդյունք կա»: Բանախոսի կողմից որպես օրինակ է բերվում հայ-թուրքական հարաբերությունները, նույնն է իրավիճակը  հայ-ադրբեջանական հարաբերության առումով: Հայ-ռուսական հարաբերություններն էլ նոր իրավիճակում են, քանի որ օգոստոսյան դեպքերից հետո, ըստ Մ. Սարգսյանի, Ռուսաստանը Վրաստանին փաստորեն նվիրեց Արեւմուտքին, իսկ տեղը լրացնելու համար պետք են նոր որակի հարաբերություններ Հայաստանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter