Ե՞րբ նշել Ազգային ինքնության տոնը
«Ազգային ինքնության տոնի մասին» օրենքը ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել է ԱԺ քննարկման: Այն որոշ քննադատությունների է արժանացել հոգևորականների շրջանում:
Այսօր «Հայելի» ակումբում խնդրի շուրջ բանավիճեցին ԱԺ դաշնակցության խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը և «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր Վարդան Դևրիկյանը: Օրենքի նախագծում Ազգային ինքնության տոնի համար ընտրված է օգոստոսի 11-ը` Նավասարդի օրը:
«Ես հանցագործություն եմ համարում օգոստոսի 11-ին այդ տոնը նշելը: Մեր եկեղեցին Տիրամոր վերափոխման տոնը տոնում է օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց Վարդան Դեւրիկյանը:
Նա առաջարեկեց այս տոնը կոչել Նախնիների հիշատակի օրը, այն տոնել Վարդավառին: Ըստ նրա` Տիրամոր վերափոխման տոնը կամ Վարդավառը նույնպես կարող են լինել ազգային ինքնության օր:
Իսկ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն էլ կարծում է, որ Ազգային ինքնության տոնը ոչ թե պետք է կրոնական խորհուրդ պարունակի իր մեջ, այլ պետք է նպաստի ազգային ինքնագիտակցությանը, և ըստ այդմ` օրը չպետք է կարևորել:
«Ազգային ինքնության տոնը իր մեջ ամփոփում է ամեն ինչ: Դաշնակցությունը, դա կարևորելով, առաջարկեց այս նախագիծը, որովհետև համաշխարհայնացման ու համահարթեցման այս տագնապալի ժամանակներում ժողովուրդները լրջորեն պետք է մտածեն ազգային ինքնության մասին»,-ասաց Ալվարդ Պետրոսյանը:
Բանախոսը կարծում է, որ չպետք է ընկնել խիստ գիտական սահմանումների և մեկնաբանությունների մեջ, այլ պետք է սահմանել ազգային ինքնության օր, երբ Հայկը հաղթեց Բելին:
«Ես ուզում եմ այս երկրում տեսնել ազգային ինքնագիտակցության վերածնունդը»,-մեկնաբանեց Ալվարդ Պետրոսյանը: Մինչև բանավեճի ավարտը երկու բանախոսները համաձայնության չեկան, յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել