Էական տարբերություն կա 2007 և 2008 թ. կոալիցիաների միջև
Ազգային ժողովը վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Երևանի մասին» օրենքը, որի համաձայն` այսուհետ Երևանի քաղաքապետն ընտրովի և ոչ նշանակովի պաշտոն է, և Երևանի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ շուտ, քան այս տարվա ապրիլի 1-ը, և ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերի 6-ը:
Այսօր հրավիրված ասուլիս ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ ֆորմատով է ՕԵԿը մասնակցելու ընտրություններին. «Կոնկրետ մեր քաղաքական ուժի համար միևնույնն է, թե երբ կլինեն ընտրությունները` գարնանը, ամռանը, թե աշնանը, մենք պատրաստվում ենք այդ ընտրություններին, մեր ակտիվ մասնակցությունը ունենալու ենք,- ասաց պատգամավորը, սակայն չնշեց, թե ինչ ֆորմատով կլինի իրենց մասնակցությունը:- Երբ ընտրությունների օրը կառավարության կողմից կներկայացվի, մենք միշտ գործել ենք բաց ու թափանցիկ, կքննարկենք և ձեզ կներկայացնենք այն համամասնական ցուցակը, որը պատրաստվում ենք կազմել»:
Հ. Մարգարյանը հավելեց նաև, որ որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվել, չի քննարկվել նաև կոալիցիոն գործընկերների հետ դաշինքներով ընտրությունների գնալու հնարավորությունը:
Այն հարցին, թե արդյոք 2006 թ. դուրս գալով կոալիցիայից տարաձայնությունների պատճառով` այժմ նույն քաղաքական գործընկերների հետ կոալիցիայի կազմում իրենք չունեն տարաձայնություններ, Հ. Մարգարյանը պատասխանեց. «Մենք այն ժամանակ դուրս եկանք սկզբունքային տարաձայնությունների պատճառով` կապված երկրում տեղի ունեցած կոպեկներով մասնավորեցման գործընթացի հետ: Մենք տեր կանգնեցինք մեր սկզբունքներին և մեր գործունեությունը ծավալեցինք ընդդիմության դաշտում, մենք միշտ եղել ենք այն քաղաքական ուժը, որը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին, դրա վառ ապացույցն է այն վստահության քվեն, որը ստանում ենք ժողովրդի կողմից: Այդ քվեն մենք ստացանք և' 2007 թ. խորհրդարանական ընտրություններում, և' 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Պետք է արդարացիորեն նշել, որ առանց ընտրակաշառք բաժանելու ենք ստացել այդ քվեն, քանի որ ժողովուրդը տեսել է, որ ՕԵԿ-ը այն քաղաքական ուժն է, որն իր անձնական շահերը երբեք վեր չի դասում երկրի և ժողովրդի շահերից»: Հ. Մարգարյանը նկատեց նաև, որ, ի վերջո, ընտրություններն են որոշում` ով է ընդդիմություն, ով` իշխանություն:
Պատգամավորի խոսքերով` շուտով լրանում է կոալիցիոն ուժերի համատեղ գործունեության մեկ տարին, ու կոալիցիայի ներսում տարաձայնություններ չկան, դիրքորոշումները համըկնում են, թեեւ դա չի նշանակում, որ տարբեր տեսակետներ իրենց կողմից չեն առաջարկվում: «Բայց ես կուզենայի դուք տարբերություն տեսնեիք երկու կոալիցիաների միջև. 2008 թ. կոալիցիան նախադեպը չուներ մեր երկրում` ի տարբերություն 2007 թ.-ի, որը Ազգային ժողովի հենքի վրա էր ձևավորվել: Այս մեկը նախագահական ընտրությունների հենքի վրա է ձևավորվել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել