Արագ արձագանքման ուժերը սոցիալական բունտերը ճնշելու համա՞ր են
«15 հազարանոց զորքն այս տարածքի համար ոստիկանական բնույթ է ունենալու»,- այսպես գնահատեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ստորագրած փաստաթուղթը, որը ենթադրում է ստեղծել 15 հազարանոց արագ արձագանքման ուժեր:
Մանվել Սարգսյանը նշում է, որ այդ ուժերն ունեն ֆունկցիաներ` պայքարել ահաբեկչության, թմրաբիզնեսի դեմ: Փորձագետը նշում է, որ 15 հազարանոց այդ ուժերը չեն կարող կատարել հարձակողական կամ պաշտպանական ռազմական գործառույթներ:
Նրա կարծիքով` այդ ուժերը ծառայելու են Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով առաջացող սոցիալական բունտերը ճնշելու համար. «Մամուլում շատ է խոսվում, որ Ռուսաստանում մեծ վախ կա, որ կսկսվեն սոցիալական բունտեր, որոնք արդեն սկսվել են, գուցե ԱՊՀ-ի շատ երկրներ միացել են, որովհետեւ վախենում են նման խնդիրներից»:
Փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է լինել ՀԱՊԿ կազմում միակ պետությունը, որը հաճույքով կներգրավվի այդ ուժերի գործողություններում. «Ես նայում եմ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, լավ ու հետաքրքիր մեկնաբանություններ են անում` ժողովրդին համոզելով, որ այդ զորքի մի մասը անպայման Հայաստանում կմնա, այսինքն` խելոք պահեք ձեզ»:
Հայաստանի իշխանությունները, ըստ փորձագետի, մեծ հաճույքով Երեւանում կտեղակայեն մոտ 1000 հոգանոց զորք`ռուսներից եւ ուզբեկներից կազմված. «Սա կատակ չէ, ինֆորմացիա կա, որ Վլադիվոստոկում ոչ մեծ ցույցը, որը փորձ եղավ ճնշելու, տեղի ոստիկանությունը հրաժարվեց»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել