Մերուժան Տեր-Գուլանյան. «Արարատը պետք է լինի հայկական մշակույթ հագած ալիք»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ «Արարատ» մշակութային հեռուստաալիքը ստեղծվեց տարվա կեսին` ոչ շատ լավ նախապատրաստված, և այժմ այն գտնվում է կայացման շրջանում: Մինչ այժմ ալիքն աշխատում էր Հանրային հեռուստատեսության աշխատակիցների ուժերով, սակայն այժմ արդեն նշանակված է ալիքի ղեկավար կազմը:
Ալիքի նորանշանակ ղեկավար Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ մենք մշակութակիր ազգ չենք, մենք ավելի շատ խոսում ենք մշակույթյի մասին, քան կրում ենք մեր մեջ, մշակույթը պետք է լինի մարդկանց խոսքի, հարաբերությունների, վարքուբարքի մեջ, բայց ինքն այսօր նման բան չի տեսնում:
Մերուժան Տեր-Գուլանյանի մեկնաբանությամբ`այսօր Հայաստանում մշակույթը տնվորի վիճակում է, և ոչ թե տանտիրոջ, պետք է ժողովրդին արթնացնել և նրան վերադարձնել իր մշակույթը:
«Պետք է ստեղծել կենդանի զարկերակի պես գործուն հեռուստասեսություն, որն ուղղված կլինի մեր ողջ հասարակությանը, կներկայացնի ոչ միայն մեր մշակութային իրականությունը, այլև մեր տեսակը, այն պետք է լինի հայկական մշակույթ հագած ալիք»,- ասաց նորանշանակ ղեկավարը` չմոռանալով ընթացքում մի քանի անգամ շեշտել, որ մշակութային ալիքի ստեղծման գաղափարը նախագահ Սերժ Սարգսյանինն է:
Ալեքսան Հարությունյանը հույս հայտնեց, որ և' պետական, և' կոմերցիոն մուտքերից գոյացած միջոցները հնարավորություն կստեղծեն, որ «Արարատը» լինի «ավտոնոմ» ալիք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել