HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Սերիալների այլընտրանքը Նարեկացի՞ն է

24_02-ararat_tv«Ես սկզբունքորեն դեմ եմ ամբողջ հեռուստաընկերությունները հեղեղած տեղական գրպանահատային սերիալներին, քանի որ այդտեղ կա ապադաստիարակություն, հատկապես որ մենք այդպիսի կրիմինալ բաներ չգիտենք: Հայաստանում, իհարկե, կա կրիմինալ, բայց ոչ այդպիսի մասշտաբներով, ես չեմ գտնում, որ սերիալները մշակույթի հետ որևէ եզր կամ առնչություն ունեն, պետք է նկարել սերիալներ հայ դասական և ժամանակակից գրականության հիմքի վրա»,- կարծիք հայտնեց «Արարատ» հեռուստաալիքի նորանշանակ ղեկավար Մերուժան Տեր-Գուլանյանը` պատասխանելով Հետքի այն հարցին, թե արդյոք մեր հասարակությունն ունի այնպիսի բովանդակությամբ սերիալների կարիք, որպիսին նրան հրամցվում է: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ արձագանքեց, որ աշխարհում քիչ կան հետուստատեսություններ կամ երկրներ, որտեղ սերիալներ չկան, և այստեղ խնդիրն այն է, թե ինչ տեսակ սերիալներ են դրանք: «Եթե ասենք, որ սերիալները ընդհանրապես պետք չեն, իհարկե, այդպես չէ, ես մտածում եմ, որ պետք է չափանիշներ սահմանվեն, թե ինչը կարելի է ցուցադրել, ինչը չի կարելի, ինչը որ ժամին պետք է ցուցադրել, ստեղծվելու են որոշակի կառույցներ, որոնք գնահատելու են` այս սերիալը կարելի է ցույց տալ, թե չէ»,- ասաց պրն Հարությունյանը: Մեր այն հարցին, թե այսօր հեռուստատեսությունում պահանջարկն է ստեղծում առաջարկ, թե հակառակը, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Ամենավատ սերիալների մի մասը շատ մեծ հեռուստալսարան ունի, բայց դա չի նշանակում, որ եթե հեռուստալսարան ունեն, ապա անպայման պետք է մատուցել դա, պետք է ինչ-որ չափանիշներ սահմանել, որ որոշակի չափանիշներից դուրս չգան, հեռուստատեսությունը հզոր զենք է, ու եթե շատ գնաս մասսայական ճաշակի ետևից, այդ հեռուստատեսությունը կարող է աղետալի լինել հասարակության և մանավանդ երեխաների համար»: Ըստ նրա` հենց դրա համր էլ Հանրային հեռուստաընկերության եթերից դուրս են մղվել լատինաամերիկյան սերիալները, տեղական սերիալների մի մասն ընդհատվեց կեսից, իսկ այժմ իրենց եթերում լինելու են գրական ստեղծագործությունների էկրանավորումներ ֆիլմի կամ մինի սերիալի տեսքով, ինչպես նաև այլ բազմասերիանոց ֆիլմեր, ինչպիսիք կան այլ երկրներում: Երբ ներկաներից մեկը հիշեցրեց հենց այժմ Հանրային հեռուստատեսությամբ ընթացող «Լքյալները»հեռուստասերիալում հնչած խիստ գռեհիկ արտահայտությունը, Ալեքսան Հարությունյանը նախ ասաց, որ նման բան չի եղել, հետո էլ հավելեց, թե ինքը կարող է այնպես անել, որ Հանրային հեռուստաընկերությամբ միայն Նարեկացի կարդան: Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ասաց, որ անհրաժեշտ է հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալ, քանի որ եթե չկա առաջարկ, չի լինի նաև պահանջարկ: Այս առումով Ալեքսան Հարությունյանը հույս հայտնեց, որ ինչպես ռուսական հեռուստատեսությունը «ինքնամաքրվեց» լատինաամերիկյան և կրիմինալ սերիալներից, այնպես էլ Հայաստանի հեռուստատեսությունը, նաև պետության միջամտությամբ, կմաքրվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter