Թե ինչպես են թալանվում հանքերը
Արթուր Հովհաննիսյան
Աղաղակող բացահայտումներ` առանց հետևանքների
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 2008 թ. տարեվերջյան մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը Երևանի և նրա մերձակա տարածքում շահագործվող հանքավայրերի ուսումնասիրությամբ ինչ խախտումներ է հայտնաբերել, պարզապես ներկայացրեց կիսաճշմարտությունը` թաքցնելով հայտնաբերված աղաղակող խախտումները:
Հայտնի է, որ համենայնդեպս 2008 թ. և նախորդ տարիներին հանքարդյունաբերությունը եւ մի շարք դեպքերում նրա արտադրանքը սպառող շինարարական բիզնեսը, ընդհանրապես շինարարությունը մեր հանրապետության տնտեսության ամենաաշխույժ ճյուղերից են եղել: Այս ոլորտներում հսկայական շահույթներ են առաջացել, որոնց սոսկ մի մասն է գնացել պետության գանձարան:
Թերևս պատահական չէ, որ ՀՀ նախագահը իր վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրել Երևանի վարչական սահմաններում և մերձակա տարածքում շահագործվող հանքավայրերը, որոնցից արդյունահանվող օգտակար հանածոները հիմնականում օգտագործվում են որպես շինարարական նյութեր կամ հումք են հանդիսանում շինանյութերի արտադրության համար:
ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն` Երևանում և նրա շրջակայքում հանքարդյունահանման համար 21 կազմակերպության տրված է 24 արտոնագիր: Դրանք վերաբերում են ընդերքի 23 տեղամասի, որոնցից 3-ում արդյունահանվում են միայն բազալտե խիճ և ավազ, 5-ում` բազալտ, գիպսատար կավեր, 2-ում` աղ և քարաղ, 13-ում` բազալտե բլոկներ` երեսպատման սալերի ու շինարարական քարերի ստացման նպատակով, ինչպես նաեւ բազալտե խիճ եւ ավազ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդերքօգտագործողներին շահագործման նպատակով հանքավայրերի տրամադրումն իրականացվել է առանց ընդունում-հանձնում կատարելու, ինչն անհնար է դարձնում հանքավայրերի մեկնարկային վիճակի, մասնավորապես` տվյալ օգտակար հանածոյի փաստացի առկա պաշարների մասին այդ պահի դրությամբ իրական պատկերացում կազմելը:
Ընդգծենք, որ հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման արտոնագրային պայմանագրի 5.2.1. կետի համաձայն` լիազոր մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում հանձնման-ընդունման փաստաթղթով արտոնագրի տիրոջը տրամադրել համապատասխան հանքավայրը (տեղամասը): Այս կապակցությամբ, պատասխանելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի 02.06.2008 թ. Հարցմանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը 2008 թ. հունիսի 17-ի գրությամբ հայտնել է, որ «... լիցենզառուներին տրամադրվող հանքավայրերի (տեղամասերի) հանձնում-ընդունումը պետք է կատարվեր ՀՀ բնապահպանության նախարարության մարկշեյդերական ծառայության կողմից»:
Վերահսկողական ծառայության նույն հարցմանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 19.06.2008 թ. գրությամբ հայտնել է. «…նախարարության կողմից հանքավայրերը շահագործման հանձնվելուց առաջ ընդունման-հանձնման աշխատանքներ չեն կատարվել»: Այսինքն` խոստովանել է, որ պետական թանկարժեք ունեցվածքն առանց փաստացի վիճակի արձանագրման հանձնվել է մասնավոր կազմակերպությունների լիակատար տնօրինմանը: Ո՞ւմ համար պարզ չէ, որ պետության հաշվին այս յուրօրինակ նվիրատվությունը, ընդերքը թալանելու համար ի սկզբանե լիարժեք պայմաններ ստեղծելը հենց այնպես չեն կատարվել:
Հանքարդյունահանման մեկնարկից հետո նախարարության բնապահպանական պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի կողմից տնտեսավարող սուբյեկտներին հատկացված տեղամասերում իրականացված առաջին ստուգումները մեկնարկային տվյալների (ընդունման-հանձնման ակտի) բացակայության պատճառվ կրել են ձևական բնույթ, հնարավոր չի եղել պարզել մինչև ստուգման պահն արդյունահանված օգտակար հանածոյի ծավալը, ինչպես նաև ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների արժանահավատությունը:
Այն իրողությունը, որ չնայած վերը նշված փաստերին` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը` իշխանությունների հովանավորությունը վայելելով, Ազգային ժողովի պատգամավոր է դարձել:
Այս ամենը հիմնականում տեղի էր ունենում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում: Չնայած հենց այդ տարիներին լրատվամիջոցները Վ. Այվազյանի գործունեության վերաբերյալ հրապարակում էին զանազան աղաղակող փաստեր: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն իրականացրել է նաև Երևանում շահագործվող հանքավայրերի ուսումնասիրություն: Կազմակերպված այցելությունների շնորհիվ Սարի թաղի մերձակայքում հայտնաբերվել է գիպսատար կավերի և բազալտի շահագործվող ապօրինի հանքավայր:
Պարզվել է, որ նշված տարածքում «Գաջեգործ» ՓԲ ընկերությունը մինչև 2007 թ. իրականացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնք հաստատել են հայտնաբերված պաշարները: Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ տվյալ ՓԲԸ-ն հետախուզական աշխատանքներն ավարտելուց հետո դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` հանքարդյունահանման արտոնագիր ստանալու նպատակով, սակայն փաստաթղթերի անլիարժեքության պատճառով մերժում է ստացել: Այնուհանդերձ սկսել է ապօրինի հանքարդյունահանումը:
Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ վերոնշյալ հանքավայրը Երևանի վարչական տարածքում գտնվող 8 («Կվարց» ԱԿ, «Վարդաշենի հանք», «Մաժեստիկ», «Գիկար», «Հանքարդ», «Արս ընդ Կար» ՍՊԸ-ներ, «Գաջեգործ» և «Գաջ» ՓԲԸ-ներ) կազմակերպությունների կողմից շահագործվող, նրանց պաշտոնապես հատկացված հանքավայրեր տանող ճանապարհի հենց եզրին է:
Նշված իրողությունն ուղղակի փաստում է, որ բնապահպանական պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունների բերումով նշված հանքավայրեր մինչ այդ (վերահսկողական ծառայության բացահայտումը) այցելելիս պարզապես չէին կարող չնկատել ապօրինաբար շահագործվող հիշյալ հանքավայրը: Իսկ եթե նկատել, բայց չտեսնելու են տվել, լռել են, ապա ուրիշ ի՞նչ հետևություն կարելի է կատարել բացի նրանից, որ կամ նշված աշխատակիցներն են կոռումպացված եղել, կամ էլ նրանց անգործությունը պայմանավորված է եղել իրենց վերադասի կոռումպացվածությամբ: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի հայտնաբերած ապօրինի հանքարդյունահանման փաստի մասին տեղեկատվությունը հաղորդվել է ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊ տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժին, և սահմանված կարգով տեղում կազմակերպվել է երկրաբանամարկշեյդերական ստուգում:
Դրա ավարտից հետո հիշյալ բաժնի կողմից կազմվել է Ձև - 2 ակտ, որով արձանագրվել է, որ «Գաջեգործ» ՓԲԸ-ն 07.07.2008 թ. դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի, շահագործում է Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրը: Այնուհետեւ կազմվել է մեկ այլ` Ձև - 4 (բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման) ակտը: Դրանով արձանագրվել է, որ «Գաջեգործ» ՓԲԸ-ն 25.06.2008 թ. դրությամբ (իսկ ինչո՞ւ ոչ 07.07.2008 թ.) ապօրինաբար շահագործում էր Սարի թաղի գիպսատար կավերի հանքավայրի հարավարևելյան տեղամասը: Նույն փաստաթղթում նշված է նաև, որ ըստ չափագրումների` տեղամասից արդյունահանված է 154 000 խմ լեռնային զանգված:
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ըստ երկրաբանական հաշվետվության և թիվ 153 որոշման` տրված օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կողմից, տվյալ տեղամասից նախկինում արդյունահանված է եղել 50500 խմ գիպսատար կավ:
«Գաջեգործ» ՓԲԸ-ն 25.06.2008 թ. դրությամբ իրականում ի՞նչ է արդյունահանել` լեռնային զանգվա՞ծ, ինչպես բնապահպանական պետական տեսչության հիշյալ բաժինն է նշել իր Ձև - 4 ակտում, թե՞... ՀՀ բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ֆոնդային նյութերի և հաշվետվությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրի պաշարները հաստատվել են գրեթե առանց մակաբացման շերտի, այսինքն` օգտակար հանածո չհանդիսացող լեռնային զանգված գրեթե չի եղել:
Մինչդեռ հիշյալ տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժինն իր Ձև - 4 ակտում արձանագրել է, թե արդյունահանված 154000 խմ-ը լեռնային զանգված է: Դրանով, ըստ վերահսկողական ծառայության, արդեն իսկ անհնար է դարձել հարկային մարմինների կողմից բնօգտագործման վճարի հաշվարկումը և գանձումը, քանի որ «լեռնային զանգվածը» դեռևս օգտակար հանածո չէ և դրա բնօգտագործման վճարի դրույքաչափ սահմանված չէ:
Ուշագրավ է այն փաստը, որ ԲՊ տեսչության հիշյալ բաժինը «Գաջեգործ» ՓԲԸ-ի արդյունահանածը լեռնային զանգված է ներկայացրել` չնայած նրան, որ ապօրինի հանքարդյունահանման խնդրով արդեն սկսել էր զբաղվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը:
Անձամբ ես չեմ հավատում ԲՊ տեսչության հիշյալ բաժնին, թե «Գաջեգործ» ՓԲԸ-ն լեռնային զանգված է արդյունահանել, դա անհեթեթ եմ համարում, քանի որ ՓԲԸ-ն ահռելի վնասներ կրելով մոտ 20 հազար «Կամազի» թափքի տարողությամբ լեռնային զանգված չէր արդյունահանի, ինչ է թե` հետագայում ընդերքից գիպսային կավեր ու բազալտ արդյունահաներ: Ի վերջո, ավելի քան 150 կամ թեկուզ 100000 խմ լեռնային զանգվածը ոչ մեկ դույլ հող է, ոչ էլ կարող էր գետնի տակն անցնել:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը համապատասխան նյութերը չի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, անհասկանալի է նաեւ այս փաստը: Այնուամենայնիվ կարծում ենք, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը մամուլի հրապարակումը հիմք ընդունելով` կարող է ու պարտավոր է անկախ մասնագետներից բաղկացած հանձնաժողովային համալիր փորձաքննությամբ պարզել արդյունահանված 154000 խմ զանգվածի բնույթը (այն լեռնային զանգվա՞ծ, թե գիպսատար կավ կամ բազալտ է եղել) և գտնվելու վայրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել