
Այս ամսվա ընթացքում Ղարաբաղում արեւային եղանակները նոր խնդիրներ են առաջ բերել հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ զբաղվողների համար: Հանրապետության մի քանի շրջաններից, հատկապես Հադրութի շրջանից ահազանգեր կան` մկների շատացման մասին: Շրջանի բնակիչների վկայությամբ, որոշ տարածքներում մկներն արդեն հասցրել են վնասներ պատճառել:
ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, մկների դեմ պայքարելու նպատակով մկնդեղը դեռեւս աշնան են բերել ու բաժանել բոլոր շրջաններին: «Բարեբախտաբար, մկները դեռ չեն հասել ցանքատարածություններին, բայց բնակիչները հնարավորինս արագ պետք է համապատասխան քայլերի դիմեն»,-կարծում է նա:
«Իսկ ձմռանը ոչ հատուկ արեւային նման եղանակը չի՞ կարող վնաս հասցնել արտերին» հարցին պատասխանելով, նախարարը ասաց, որ առայժմ վտանգ չկա, քանի որ հողը դեռ խոնավ է: Սակայն, ըստ նրա, դա երկար տեւել չի կարող, եւ տեղումները ցանկալի են:
Հացահատիկային մշակաբույսերի արտադրության խոչընդոտներից մեկն էլ գնայուկ բզեզների աճն է, որոնք, գյուղնախարարի հավաստմամբ, արտերին ավելի շատ վնաս են հասցնում, քան մկները: Դրանց դեմ պայքարելու նպատակով շուտով հանրապետություն կներկրվեն համապատասխան դեղեր:
Գյուղնախարարը շարունակելով թեման, տեղեկացրեց, որ այս անգամ նախորդ տարվա համեմատ 17 հազար հա-ով ավելի է աշնանացան կատարվել: Հանրապետություն է ներկրվել 3000 տոննա ազոտական պարարտանյութ` նախկին 1700-ի դիմաց: Չնայած այն Հայաստանում գնվում է 1կգ-ը 105 դրամով, բայց Ղարաբաղում հողօգտագործողներին տրամադրվում է 100 դրամով` անտոկոս վարկի տեսքով եւ վերադարձման պայմանով: 5 դրամի տարբերությունը եւ պարարտանյութի տեղափոխման ծախսերը սուբսիդավորում է պետությունը:
Գյուղնախարարը հույս հայտնեց, որ մարտ, ապրիլ ամիսներին բավարար չափով տեղումների դեպքում հնարավորություն կլինի պահպանել հացահատիկի նախկին տարվա բերքատվության ցուցանիշը` 21,2 ցենտները:
Գարնանացան աշխատանքներին նպաստելու նպատակով ՀՀ-ից 300 տոննա կարտոֆիլի տնկանյութ է ներկրվել Ղարաբաղ, որը հողօգտագործողներին նույնպես կտրամադրվի անտոկոս վարկի տեսքով` բերքահավաքից հետո վերադարձման պայմանով: Կարտոֆիլի 1կգ-ը կտրամադրվի 145 դրամով:
Բացի այդ, անտոկոս վարկի տեսքով կտրամադրվի նաեւ եգիպտացորենի սերմացու: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տոննա եգիպտացորենի սերմացու ներկրելու համար: Սերմացուի 1կգ-ի գինը կկազմի 1300 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել