Ձեռագործ գորգերի արտադրությունը` ժողովրդական արհեստ
ՀՀ կառավարությունը, այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին: Օրինագծերով առաջարկվում է ձեռագործ գորգերի արտադրությունն ազատել շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվողների համար հարկման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, ինչը կնպաստի ազգային եւ մշակութային մեծ արժեք ունեցող արհեստագործական այդ ճյուղի զարգացմանը, միջազգային տարածմանն ու դրանով զբաղվողների քանակի ավելացմանը։
Որոշման ընդունման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսուհետև ձեռագործ գորգերի արտադրությունը ՀՀ-ում դիտարկվելու է որպես ժողովրդական արհեստ։ Այդ պատճառով մենք այսուհետ ձեռագործ գորգերի արտադրությունը ազատում ենք շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։ Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ձեռագործ գորգերի արտադրությունը տեղափոխում ենք արդյունաբերական դաշտ, ապա դրանք կորցնում են իրենց մրցունակությունը և, ընդհանրապես, այդ բոլոր արտադրությունները փակվում են ՀՀ-ում, ինչը, բնականաբար, մեզ համար անընդունելի է։ Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, այս բնագավառում ստեղծված իրավիճակը, համարում ենք, որ սա միակ ճանապարհն է, որպեսզի կարողանանք պահպանել այն ավանդույթները, որ կան ձեռագործ գորգերի ոլորտում, այդ ժառանգությունը փոխանցենք մեր ապագա սերունդներին»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել